Սպիրտային ըմպելիքների արտադրության եւ շրջանառության պետական վերահսկողության ռուսական համակարգը (Միասնական պետական ավտոմատացված տեղեկատվական համակարգ) խնդիրներ չի ստեղծի հայկական կոնյակի համար։ Այս մասին NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում ասել է ՌԴ Ալկոհոլի տարածաշրջանային եւ դաշնային շուկաների հետազոտությունների կենտրոնի տնօրեն Վադիմ Դրոբիզը՝ մեկնաբանելով Ռուսաստանում հուլիսի 1-ից Միասնական պետական ավտոմատացված տեղեկատվական համակարգ կիրառելը։

Միասնական պետական ավտոմատացված տեղեկատվական համակարգը կօգնի պետությանը հետեւել շրջանառությանը, այսինքն՝ կասեցնել ալկոհոլի կեղծումը։ Դրոբիզը խոստովանում է, որ Ռուսաստանում գրեթե ամեն բան կեղծվում է։ «Անկասկած, կեղծում են նաեւ հայկական կոնյակը, թեպետ լրատվամիջոցներում այդ մասին հրապարակումներ չեմ տեսել։ Այդուհանդերձ, համակարգը միանշանակ կօգնի կեղծ խմիչքի դեմ պայքարում։ Պետք չէ վախենալ ալկոհոլի գների աճից, քանի որ Միասնական պետական ավտոմատացված տեղեկատվական համակարգի ինքնարժեքը շշի վերահաշվարկով կոպեկներ արժի»,– ասել է Դրոբիզը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանում հուլիսի 1-ից մանրածախ վաճառքի օբյեկտները պետք է առքուվաճառք իրականացնեն միայն շտրիխ կոդերով արտադրանքով, որոնցով հնարավոր է պարզել յուրաքանչյուր շշի ծագումը։