Ահաբեկչական խմբավորումը ձգտում է իսլամական խալիֆայություն ստեղծել, բայց աշխարհում մահմեդականների մեծ մասին համարում է անհավատներ, որոնք մահվան են արժանի, պարզաբանում է փորձագետը:  

Կիրակի գիշեր առնվազն 75 մարդ Իրաքի մայրաքաղաք Բաղդադում ահաբեկչական գրոհի զոհ է դարձել: Ահաբեկչական գործողությունը տեղի է ունեցել Կարրադա աշխույժ թաղամասում, որում կենտրոնացած են խանութները եւ ռեստորանները: Մայրամուտից հետո մարդիկ Կարրադայում էին հայտնվել` տոնելու մահմեդական պահքի ամսվա ավարտը, գրում է Jyllands-Posten դանիական պարբերականը:

Անցյալ երեքշաբթի Ստամբուլի Աթաթուրքի օդանավակայանում պայթյունից  41 մարդ էր զոհվել:

Դա ընդամենը երկուսն է վերջին գրոհներից, որոնց հետեւում կանգնած է «Իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորումը: Երկու դեպքում էլ զոհերի մեծամասնությունը մահմեդականներ էին: 

Ինչու է ահաբեկչական խմբավորումը, որի գլխավոր նպատակը իսլամական խալիֆայության ստեղծումն է, այսքան մահմեդական սպանում: 

Ղուրանի մասնագետ եւ Կոպենհագենի համալսարանի Աստվածաբանության ինստիտուտի պրոֆեսոր Թոմաս Հոֆֆմանի կարծիքով, ԻՊ-ը զոհերին իսկական մահմեդականներ չի համարում: Իրենք` ԻԼԻՊ-ի անդամները իսլամի սուննի ուղղության ծայրահեղական ճյուղի հետեւորդներ են, իսկ մնացածներին ընկալում են որպես անհավատների:  

«Իսլամական պետությունը» խմբավորում է, որը ծայրաստիճան հակված է անհավատ հռչակել նրանք, որոնք բավականաչափ լավ մահմեդականներ չեն: Իսկ անհավատը   ուրացող է եւ նրա համար միայն մի պատիժ կա` մահը», — բացատրում է պրոֆեսորը եւ ընդգծում, որ մահմեդականների միջեւ մահացու բախումներում անսովոր ոչինչ չկա: 

«Բոլոր կրոններում ներքին բախումներ են լինում, իսկ ԻՊ-ի հետ կապված իրավիճակը կարելի է մեկնաբանել որպես քաղաքացիական կրոնական պատերազմ, հատկապես հաշվի առնելով, որ ԻԼԻՊ-ը սուննի կազմակերպություն է տարածաշրջանում, որտեղ շատ շիաներ կան»:

Թոմաս Հոֆֆմանը հավելում է, որ շիաները սուննիների երդվյալ թշնամիներն են, եւ մեկը, եւ մյուսը հակառակորդներին «կեղծ մահմեդական» են համարում: Այդ բացատրությանը համաձայն է նաեւ Jyllands-Posten-ի թղթակից Գուննար Վիլլումը:

Նա պնդում է, որ բոլորին, ովքեր ԻՊ-ի ծայրահեղական իսլամի հետեւորդ չեն, ուրացող են համարում եւ ահաբեկիչներն իրենց պարտքն են համարում սպանել նրանց: Ահա թե ինչու ահաբեկչական գործողությունների զոհերի մեծամասնությունը մահմեդականներ են: 

«ԻՊ-ը ենթադրում է, որ ինքն իր հավատով իրավունք ունի որոշելու, թե ով է իսկական մահմեդական, ոչ` ոչ: Նրանց կարծիքով, ավելի լավ է քրիստոնյա լինել, քան անհավատ մահմեդական, այնպես որ, եթե վերլուծեն զոհերի ցուցակները, ակնհայտ կլինի, որ մեծամասնությունը իսլամի հետեւորդներ են»:

Թոմաս Հոֆֆմանն ընդգծում է, որ Ղուրանում ոչինչ ասված չէ մարդկանց որեւէ խմբի ուրիշներին սպանելու իրավունքի մասին: Սակայն նման մոտիվներ կարելի է հանդիպել հադիսներում` ավանդապատումներում, որոնք նկարագրում են Մուհամմեդ մարգարեի արարքներն ու պահվածքը: 

«Այնտեղ դրվագներ կան այն մասին, թե ինչպես պետք է մեռնեն ուրացողները», - ճշտում է նա եւ հավելում, որ ներկայիս սուննի ատյանները բոլորովին չեն ձգտում մահմեդականին ոչ մահմեդական հայտարարել եւ դրանով օգնել ԻՊ-ին: 

«ԻՊ-ի պարադոքսն այն է, որ դրա անդամները երազում են միասնական իսլամական աշխարհի մասին, բայց իրենք պառակտում են սերմանում իսլամի այլ մեկնաբանությունների հանդեպ անհանդուրժողականության պատճառով», — ասում է Ղուրանի մասնագետը, հայտնում է Inosmi-ն: