Արագածոտնի մարզի Արուճ գյուղում ինքնասպանության փորձ կատարած 38-ամյա Վարուժան Ա.-ն սոցիալական վատ պայմանների եւ ծանր վիճակի պատճառով է հաճախ ալկոհոլ օգտագործում  եւ ինքնասպանության փորձեր կատարում: NEWS.am-ի հետ զրույցում Վարուժանը պատմեց, որ նման քայլի է գնում անելանելիությունից ելնելով. «Չեմ կարող ասել, թե ինչ եմ զգում, որ նման քայլի եմ գնում, բայց անելանելիությունից եմ դիմում այդ քայլին….երկու ինքնասպանության փորձ եմ կատարել, երկուսն էլ կախվելու միջոցով, բայց իմացել, եկել, փրկել են…»:

Վարուժան Ա.-ն պատմեց, որ 15 տարի Ռուսաստանի Դաշնությունում բնակվելուց հետո, Հայաստանում իր կյանքն իսկական դժոխքի է վերածվել` աշխատանք չի կարողանում գտնել, որի պատճառով ֆինանսական լուրջ խնդիրների առջեւ է կանգնած եւ դրանք իր համար անլուծելի են թվում. «Արդեն երկու տարի է Հայաստանում եմ ապրում` հորս, մորս ու եղբորս հետ, բայց ընտանիքում էլ խնդիրներ ունեմ` ուզում եմ, որ ինձ հասանելիքը տան, գնամ առանձին ապրեմ: Ռուսաստանում կոշկակար եմ եղել, բայց դեպորտ արեցին, այստեղ  էլ չեմ կարողանում գտնել աշխատանք, ինձ չեն օգնում ոչ հարազատներս, ոչ էլ գյուղապետը, էլ չգիտեմ ոնց շարունակեմ ապրել: Գյուղապետն ասում ա` խմում եմ, անհանգստություն եմ պատճառում համագյուղացիներիս, ծեծկռտուք սարքում, դրանք սուտ խոսակցություններ եմ, ես անելանելիությունից ելնելով` փորձել եմ ինքնասպան լինել, ուրիշ ոչինչ»,-ասաց վարուժանը:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Արուճի 38-ամյա բնակիչ Վարուժան Ա.-ն հունիսի 29-ին փորձել է իր տանը կախվելու միջոցով ինքնասպան լինել. օգնության են հասել հարզատներն ու փրկարարները: