Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին սրտի վիրահատությունից հետո դուրս է գրվել «Սան Ռաֆֆաելե» հիվանդանոցից։ Այս մասին ասել է ինքը՝ քաղաքական գործիչը, որը դիմել է հիվանդանոցի մոտ հավաքված բազմաթիվ լրագրողներին, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

«Հիմա ինձ վերականգնման 2 ամիս է սպասում»,– ասել է Բեռլուսկոնին, որը մեկնաբանել է միջազգային իրավիճակն ու ներքաղաքական խնդիրները, ինչպես նաեւ անդրադարձել է «Միլան» ֆուտբոլային ակումբի շուրջ իր պլաններին։

Քաղաքական գործիչը մի փոքր հոգնած տեսք ուներ։ Այդուհանդերձ, հենվելով իր օգնական Վալենտինո Վալենտինիի ուսին, նա զրուցել է լրագրողների հետ, ինչը վաղուց չէր արել։

Հունիսի 14-ին Բեռլուսկոնին սրտի բաց վիրահատություն էր տարել, որի ժամանակ փոխել էին աորտայի փականը։