Եվրոպական առաջնորդները սեպտեմբերի 16-ին Բրատիսլավայում քննարկելու են Մեծ Բրիտանիային վերաբերող իրավիճակը: Այս մասին հայտնել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Եվրախորհրդարանի նստաշրջանում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«ԵՄ 27 երկրների ղեկավարները ոչ պաշտոնական հանդիպում են անցկացնելու սեպտեմբերի 16-ին Բրատիսլավայում, երբ Սլովակիան է նախագահելու ԵԽ-ում: Մենք հասկանում ենք, որ որոշ ժամանակ է պահանջվում, որպեսզի Մեծ Բրիտանիայում քաղաքական իրավիճակը հանդարտվի: Սակայն ԵՄ առաջնորդները հույս ունեն, որ բրիտանական կառավարությունը հնարավորինս շուտ կորոշի հետագա քայլերի ժամանակացույցը»,- հայտնել է Տուսկը:

Մինչ այդ Տուսկը բազմիցս հայտարարել էր, որ Եվրամիությունը պատրաստ է արդեն այսօր սկսել «ապահարզանը» Մեծ Բրիտանիայի հետ, սակայն միաժամանակ նշել է «ԵՄ համաձայնագրերի պահպանման անհրաժեշտությունը»: «Դրանց համաձայն, Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացը պետք է նախաձեռնի բրիտանական կառավարությունը: Սա միակ օրինական ճանապարհն է»,- վստահ է եվրոպական քաղաքական գործիչը: