Վանաձորի քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածու Մամիկոն Ասլանյանը չի կարծում, որ գործող քաղաքապետ Սամվել Դարբինյանից ծանր ժառանգություն է ստանալու։ Այս մասին նա ասաց NEWS.am-ի հետ զրույցում՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Սամվել Դարբինյանից ժողովրդի շրջանում մեծ դժգոհություն կա։
«Չեմ կարծում, որ Վանաձորում անլուծելի խնդիրներ կան, բայց դրանց մասին բերեք չխոսենք»,-ասաց Մամիկոն Ասլանյանը։
Հարցին, թե մտավախություն չունի՞, որ կպարտվի՝ հաշվի առնելով, որ վերջին քվեարկության՝ սահմանադրական հանրաքվեի ժամանակ Վանաձորում «ոչ»-ն էր հաղթել եւ քվեարկության պատկերը վերագրվում էր ժողովրդի՝ իշխանություններից դժգոհ լինելուն, իսկ ինքը իշխանության թեկնածուն է, Ասլանյանը պատասխանեց. «Հանրաքվեն իշխանության հետ ի՞նչ կապ ունի, հանրաքվեն Սահմանադրության մասին էր, իսկ Սահմանադրությունը բոլորինն է, իշխանությանը չէ»:
Նշենք, որ Ասլանյանը Վանաձորի նոտարն է, որին սատարելու է իշխող «Հանրապետական» կուսակցությունը։ Նախնական տեղեկություններով՝ այստեղ առաջադրվելու է նաեւ Վանաձորից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրված Էդմոն Մարուքյանի եղբայրը՝ Քրիստ Մարուքյանը։ Նրա թեկնածությունը կառաջարի Մարուքյանի «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը։ Այս մասին դեռեւս պաշտոնապես չի հայտարարվում։




























