Դաշնային կառավարությունը չորեքշաբթի դարձյալ դիմել է գերմանական քաղաքականության համար զգայուն` զենքի արտահանման թեմային: Կառավարության հաստատմանը կներկայացվի Էկոնոմիկայի նախարարության   2015 թվականի հաշվետվությունը, որն աշխարհի տարբեր տարածաշրջաններին մատակարարվող գերմանական ռազմական արտադրանքի ծավալի ֆենոմենալ աճ է արձանագրում, գրում է «Նեզավիսիմայա գազետան»

 «2015-ին սպառազինության արտահանման վերաբերյալ զեկույց»-ի տվյաների համաձայն, որից մեջբերումներ են անում գերմանական ԶԼՄ-ները, ԳԴՀ-ի ռազմական արտադրանքի առեւտուրը վերջին 10 տարում առավելագույն մակարդակի է հասել:  Անցյալ տարի դրա ծավալը արժեքային արտահայտությամբ հասել է 12,52 մլրդ եվրոյի մեկ տարի առաջվա 6,52 մլրդի դիմաց: Ակնհայտ է գրեթե կրկնապատկումը: Արդյունքում, IHS Jane’s կենտրոնի տվյալներով, Գերմանիան զենքի արտահանմամբ աշխարհում երրորդ տեղում է հայտնվել ԱՄՆ-ից եւ Ռուսաստանից հետո` դառնալով նրանց լուրջ մրցակիցը:  

Գերմանիայի ՌԱՀ-ի առաջարկած տեսականին բավականին լայն է: Դրանք «հայտնի»   Leopard-2 տանկերն են եւ Puma զրահամեքենաները: Միայն Կատարը  Krauss-Maffei Wegmann կոնցերնից 1,6 մլրդ եվրոյի տանկ է գնել: Գերմանական ավիաարդյունաբերության ռազմական սեկտորը ինքնաթիռներ եւ ուղղաթիռներ է առաջարկում:  Մասնավորապես, Մեծ Բրիտանիան գերմանացիներին չորս լիցքավորող ինքնաթիռ է պատվիրել 1,1 մլրդ եվրոյով, իսկ Սաուդյան Արաբիան վերջերս ԳԴՀ-ից 23 ուղղաթիռ է ստացել: Heckler & Koch ֆիրման ամբողջ աշխարհում հրաձգային զենքի, ռազմամթերքի եւ այլ արտադրանքի առեւտրով է զբաղվում: 

Գերմանիայի ՌԱՀ-ի խոշորագույն մասնագիտացումներից մեկը սուզանավերն են, որոնք առաջարկվում են Thyssen-Krupp կոնցերնի կողմից: Նրա ռազմածովային ստորաբաժանումը` Thyssen-Krupp Marine Systems, բրիտանական BAE Systems и Dynamics-ի լուրջ մրցակիցն է: Էսսենում գլխամաս ունեցող կոնցերնը սուզանավեր է կառուցել արդեն 20 երկրի համար, այդ թվում` Իսրայելի, Իտալիայի, Հարավային Կորեայի եւ Բրազիլիայի: Վերջերս Thyssen-Krupp-ը «կոպիտ սխալ թույլ տվեց»` բաց թողնելով ավստրալական`  34 մլրդ եվրոյով 12 սուզանավի պատվերը, որը ձեռք գցեց ֆրանսիական DCNS պետական կոնցերնը: Գերմանական ընկերության  «ճաշացանկում» նաեւ պարեկային նավեր կան, վերջինս Սաուդյան Արաբիայի հետ քննարկում է 1,5 մլրդ եվրոյի նավերի վաճառքը:   Բայց հիմնական շեշտը դրվում է կատարելագործված սուզանավերի վրա արդեն ոչ թե 2,2 հազար, այլ  4 հազար տ ջրատարողունակությամբ:

Այսպիսով, գերմանական նախկին միտումից` զերծ մնալ սպառազինության առեւտրից, քիչ բան է մնացել, հատկապես` հակամարտային տարածաշրջաններ, օրինակ` Մերձավոր Արեւելք մատակարարումների առումով: 

Բացառությամբ ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի անդամների պատվերների, մնացած բոլոր երկրները պետք է գերմանական ռազմական արտադրանքի մատակարարման հատուկ թույլտվություն ունենան: Դրանով զբաղվում է անվտանգության Դաշնային խորհուրդը, որում կանցլերի հովանավորությամբ ներկայացված են նաեւ Արտաքին գործերի, պաշտպանության եւ էկոնոմիկայի նախարարությունները:   2015 թվականին ատյանը, ասես հոսքագծով, գրեթե 12,7 հազար թույլտվություն տվեց ընդհանուր 7,86 մլրդ եվրո գումարի: Ընդ որում գերմանական զենքի մատակարարումների հասցեատերերի գրեթե 60 տոկոսը ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկրներ են:

Sueddeutsche Zeitung-ի հետ զրույցում փոխկանցլեր եւ էկոնոմիկայի նախարար Զիգմար Գաբրիելը սպառազինության   «էականորեն աճած ծավալը» արդարացրել է նրանով, որ շատ պայմանագրեր կնքվել են  «դեղնասեւ» դաշինքի նախկին կառավարության հետ, այդ պատճառով իրենք ի վիճակի չեն չեղյալ համարել գործարքները: Փոխարենը,  սփոփել է նա կառավարության քննադատներին, հաջողվել է   հրաձգային զենքի արտահանումը սահմանափակել մինչեւ ամենացածր`  2000 թվականի մակարդակ` 47-ից մինչեւ 32 մլն եվրոյի:

Դա կարող է ժպիտ առաջացնել 1,6 մլրդ եվրոյի ֆոնին, որ ստացվել է Կատարի էմիրության համար տանկերից, որին կասկածում են, մասնավորապես,  «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն աջակցության մեջ: Սպառազինության ոլորտում արտահանման քաղաքականությունը շարունակում է ընդդիմության ակտիվ բողոքն առաջացնել ի դեմս կանաչների եւ ձախերի: «Ձախերի» կուսակցության արտաքին քաղաքականության հարցերով փորձագետ Յան վան Ակենի խոսքով, էկոնոմիկայի նախարարը խոստացել է բարելավել սպառազինության արտահանման վերահսկողությունը, բայց իրավիճակը չի փոխվել, ընդհակառակը, թույլտվությունների քանակը հսկայական թվերի է հասել: 

Այս առումով էական փոփոխություններ չեն կանխատեսվում: Ընդհակառակը, ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն արտահայտվել է զենքի արտահանման վերահսկողության ոլորտում հիմնական դրույթների թուլացման օգտին` հայտնելով, որ դրանք չեն համապատասխանում եվրոպական պահանջներին: ՌԱՀ-ն Գերմանիայի արտահանման մեջ լուրջ բաղադրիչ է դառնում, եւ երկրի իշխանությունները հազիվ թե կարողանան զոհաբերել իրենց շահերը եւ եկամուտները: