Հունգարիայում հոկտեմբերի 2-ին հանրաքվե տեղի կունենա, որի ընթացքում երկրի քաղաքացիները կասեն, թե արդյոք աջակցում են իրենց երկրում փախստականների բաշխման` ԵՄ-ի մտցրած պարտադիր քվոտաներին, հայտնում է Ինտերֆաքսը:  Համապատասխան հանձնարարականը ստորագրել է երկրի նախագահ Յանոշ Ադերը: 

Հունգարիայի քաղաքացիները պետք է պատասխանեն այս հարցին.  «կուզեի ՞ք, որ ԵՄ-ն առանց Հունգարիայի խորհրդարանի համաձայնության զբաղվեր Հունգարիայի քաղաքացի չհանդիսացող անձանց հետ կապված հարցի կարգավորմամբ»:

Հիշեցնենք, որ մայիսի  4-ին Եվրահանձնաժողովն առաջարկել է  250 հազար եվրո տուգանքով պատժել երկրի կողմից չընդունված յուրաքանչյուր փախստականի համար: Միաժամանակ ԵՄ-ի գործադիր իշխանության գերագույն մարմինն առաջարկում է ավտոմատ կերպով փախստականներին բաշխել ընկերակցության երկրներում, որպեսզի ԵՄ-ի արտաքին սահմանին գտնվող երկրները չողողվեն միգրանտներով: Չեխիան, Հունգարիան, Լեհաստանը, Ռումինիան եւ Սլովակիան արդեն հանդես են եկել պարտադիր քվոտաների դեմ: