Փարիզ-Կահիրե չվերթն իրականացնող А320 ինքնաթիռի օդաչուն կործանումից առաջ փորձել է մարել օդանավում բռնկված հրդեհը: Այս մասին հաղորդում է ՆՏՎ-ն՝ վկայակոչելով Le Figaro-ն, որը ներկայացրել է սեւ արկղերից մեկի տվյալների գաղտնազերծման արդյունքները:
Սեւ արկղերը դեռեւս չեն կարողացել պատմել, թե ինչպես է առաջացել կրակը շուրջ 11 հազար մետր բարձրության վրա գտնվող օդանավում: Երկրորդ սեւ արկղը, որը տեղակայված է օդանավի պոչի հատվածում, աղետից մի քանի րոպե առաջ դադարել է աշխատել:
Հիշեցնենք, որ մայիսի 19-ին Փարիզից Կահիրե ուղեւորվող А320 օդանավը Միջերկրական ծովի վրա անհետացել էր ռադարներից: Աղետի հետեւանքով զոհվել են օդանավում գտնվող բոլոր 66 ուղեւորներն ու անձնակազմի անդամները:




























