ԱՄՆ–ն եւ ՆԱՏՕ–ում նրա դաշնակիցները մտահոգված են ռազմական ոլորտում Ռուսաստանի գործողություններով եւ պատասխանելու են իրենց հավաքական անվտանգության ամրապնդմամբ, այդ թվում՝ Արեւելյան Եվրոպայի երկրներում։ Այս մասին ասել է Պենտագոնի մամուլի քարտուղար Փիթեր Քուքը՝ անդրադառնալով Ռուսաստանի հետ Հյուսիսատլանտյան բլոկի հարաբերությունների մասին հարցին։
Նրա խոսքով՝ վերջին տարիներին Ռուսաստանի վարքը Վաշինգթոնի եւ ՆԱՏՕ–ում նրա դաշնակիցների մոտ մտահոգություն է առաջ բերում։ Նա նշել է, որ այդ խնդիրը քննարկվելու է դաշինքի գագաթնաժողովում, որը հուլիսի 8-9–ը կկայանա Վարշավայում։ Մասնավորապես ԱՄՆ–ին մտահոգում է Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի գործողությունները եւ Միջազգային օդային տարածքում ու միջազգային ջրերում ռուսական օդանավերի ու նավերի վտանգավոր եւ ոչ պրոֆեսիոնալ պահվածքը։ «Մենք այդ մասին պարզ ասել ենք Ռուսաստանին»,– ասել է Քուքը։
«Մենք կարծում ենք, որ նման գործողությունները չեն նպաստում տարածաշրջանում անվտանգության ամրապնդմանը»,– ասել է Քուքը՝ հիշեցնելով, որ ԱՄՆ պաշտպանության նախարար էշթոն Քարթերը Ռուսաստանին ընդգրկել է ԱՄՆ շահերին սպառնացող 5 վտանգների թվում՝ Չինաստանի, Իրանի, Հյուսիսային Կորեայի, «Իսլամական պետության» հետ մեկտեղ։





























