Ոսկու արժեքը 2014-ի մարտի 17–ից  հետո գրանցել է ամենաբարձր ցուցանիշը, քանի որ ներդրողները շարունակում են հուսալի ակտիվներ գնել ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու որոշման ֆոնին։ Այս մասին են վկայում սակարկությունների տվյալները։

Հուլիսի 6-ին ոսկու օգոստոսյան ֆյուչերսների գինը նյույորքյան  Comex բորսայում աճել է 11,90 դոլարով կամ 0,88 տոկոսով` մինչեւ տրոյական ունցիայի դիմաց 1370,7 դոլար: Արծաթի սեպտեմբերյան ֆյուչերսների գինը բարձրացել է 2,23 տոկոսով` մինչեւ ունցիայի դիմաց 20,35 դոլար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Մեծ Բրիտանիայում հունիսի 23-ին կայացած հանրաքվեի արդյունքում երկիրը որոշել է դուրս գալ Եվրամիության կազմից: Շուկաները դրան արձագանքել են անկումով, ինչը ներդրողներին մղել է անվտանգ ակտիվներ գնել, որոնց թվին են ավանդաբար դասվում թանկարժեք մետաղները:   

Այսպես, Brexit-ի որոշումից հետո ոսկու գինը բարձրացել էր 6 տոկոսով: Միաժամանակ, չնայած իրենց տնտեսություններին աջակցելու վերաբերյալ տարբեր երկրների իշխանությունների հայտարարություններին, ինչն օգնել է մեղմել շուկաների անկումը, թանկարժեք մետաղների պահանջարկը պահպանվում է: Այդ ֆոնին արծաթի գինը 2014 թվականից ի վեր առաջին անգամ բարձրացել է տրոյական ունցիայի դիմաց  21 դոլար նիշից բարձր: