«Հին Երեւան» նախագիծն ամենայն հավանականությամբ կավարտվի 2021թ.-ին: Այս մասին այսօր` հուլիսի վեցին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց նախագծի հեղինակ Լեւոն Վարդանյանը:
«Բուզանդի կողմից արդեն սկսել ենք կառուցապատման աշխատանքները: Նախատեսվում է, որ հինգ տարվա ընթացքում պետք է ավարտին հասցնենք: Անհրաժեշտ գումարը կա, սակայն իրացումը ձգձգվում է, սակայն պատճառը չգիտեմ»,- ասաց Լեւոն Վարդանյանը:
Նախագծի հեղինակի խոսքով` փոքր լոտի նախագիծն արդեն կա եւ եթե հուլիսի ութին քաղաքապետը հաստատի նախագիծը, շինարարությունը կսկսվի: Նշենք, որ «Հին Երեւան»,- ը լինելու է առեւտրա- հասարակական կենտրոն. «Ես ուզում էի, որ մշակութային կենտրոն էլ լինի այնտեղ, սակայն չհաստատվեց»:
Լրագրողների դիտարկմանը, թե ճարտարապետները մտավախություն ունեն, որ արհեստածին է լինելու այս ամենը, Լեւոն Վարդանյանն արձագանքեց. «Այդ խոսողներն ինձ քիչ են հետաքրքրում: Ես իմ աշխատանքն եմ անում, թե իմ կոլեգաներն ինչ են ասում, ինձ չի հետաքրքրում: Ես ժամանակին նրանց փորձել եմ բացատրել, թե ինչ է լինելու, սակայն նրանք չեն ընկալում: Ոչ ոք չի ասում, որ եթե Լեւոն Վարդանյանը ժամանակին չբարձրացներ այս նախագծի հարցը, ավելի քան 14 շինություն այս պահին չէր լինի»:
Հիշեցնենք, որ նախագծի համաձայն՝ Երեւանի փոքր կենտրոնի մի մասը պետք է կառուցեն մի ոճով, որին հեղինակները որոշել են «Հին Երեւան» անվանել: Համալիրը կկառուցեն Աբովյանի, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու եւ Արամի փողոցների միջեւ։ Նախատեսվում է շենքերը կառուցել առավելագույնը 2 ստորգետնյա, երեք վերգետնյա հարկերով եւ ձեղնահարկով։ Համալիրից ոչ հեռու կկառուցվի հյուրանոց։
Նշենք, որ հասարակությանը մտահոգում է, որ մայրաքաղաքի հին շենքերը քանդվում են եւ դրանց փոխարեն կառուցվում են բարձրահարկ շենքեր, հյուրանոցներ: Վերջին շրջանում արդեն իսկ քանդվել է Աֆրիկյանների շենքը, Արամի 30-ի շենքը եւ պատմամշակութային նշանակության այլ շենքեր:




























