Անհնար է, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն փոքր եւ միջին ձեռներեցությամբ զբաղվող գործարարների վատը ցանկանա: Այս մասին, այսօր՝ հուլիսի 6-ին, լրագրողների հետ զրույցում նշել է ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանը՝ անդրադառնալով Հարկային նոր օրենսգրքից ՓՄՁ-ների շրջանում եղած դժգոհություններին:
«Չի կարող լինել այնպես, որ մենք ինքներս փորձենք փոքր եւ միջին ձեռներեցությամբ զբաղվող գործարարներին վատը ցանկանանք, անհնար է»,-ասաց նա:
Նրա խոսքով, ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունվել է Հարկային օրենսգիրքը, միաժամանակ կան բազմաթիվ առաջարկություններ. «Հիմնականում 3-4 ուղղությունների մասին է խոսքը, որոնց վերաբերյալ կառավարությունում եւ ԱԺ-ում քննարկման փուլում է»:
Դիտարկմանը, որ վերջին շրջանում Չինաստանը հետաքրքրություն է ցուցաբերում ԵՏՄ-ի նկատմամբ, որքանով է իրատեսական Չինաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին եւ ինչպես դա կանդրադառնա ԵՏՄ անդամ երկրների, այդ թվում Հայաստանի վրա, Հովսեփյանը պատասխանեց. «Ես այս կյանքում ամեն ինչ հնարավոր համարում եմ: Պարզ է, չէ՞, որ եթե Չինաստանի պես մեծ երկիրը անդամակցի ԵՏՄ-ին, դա մեր բոլոր երկրների համար միայն դրական կարող է լինել: Աշխարհում մեծ տնտեսական ներուժ ունեցող ու հարուստ երկիր է, հետեւաբար եթե անդամակցի ԵՏՄ-ին, միայն օգուտի մասին կարող ենք խոսել»:
Նա հավելեց, որ հայ-չինական համագործակցությունը կարող է լինել արդյունաբերությունից մինչեւ ծառայությունների ոլորտ:





























