Լեւոն Տեր-Պետրոսյանի վարած քաղաքականությունը չի տարբերվել Սերժ Սարգսյանի վարած ներկայիս քաղաքականությունից: Այս մասին այսօր ` հուլիսի 6-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
«ՀԱԿ-ը վարում է այն քաղաքականությունը, որը Սերժ Սարգսյանն է վարում: Եվ Լեւոն Տեր- Պետրոսյանի, եւ Սերժ Սարգսյանի դիրքորոշումները Թուրքիայի հետ հարաբերությունների եւ Արցախյան հարցի վերաբերյալ նույնն են»,- ասաց Զարուհի Փոստանջյանը` անդրադառնալով այն դիտարկմանը, թե ընդդիմադիր պատգամավորները քննադատում են նախագծերը, բայց հետո կողմ են քվեարկում:
Փոստանջյանի խոսքով` սա վերաբերում է ոչ միայն ՀԱԿ-ին, այլեւ մյուս խորհրդարանական ուժերին:
Նշենք, որ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը բուռն քննադատեցին այն խմբակցությունները, որոնք 4+4+4 ձեւաչափով ստորագրել էին իշխանության հետ համաձայնագիր, ապա կողմ քվեարկեցին նույն նախագծին:





























