Արդշինբանկի եւ Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկի (ՍԱԶԲ) միջեւ ստորագրվեց թվով երրորդ վարկային պայմանագիրը, որով Հայաստանում փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) վարկավորմանը կհատկացվի եւս 10 մլն ԱՄՆ դոլար:
Արդշինբանկ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՓՄՁ ոլորտը հանդիսանում է Հայաստանի տնտեսության զարգացման, արտահանման խթանման եւ աշխատատեղերի ստեղծման համար կարեւոր բաղկացուցիչ եւ այդ պատճառով Արդշինբանկի ռազմավարական զարգացման հիմքում ընկած է ՓՄՁ ոլորտում մատչելի վարկավորման խթանումը:
Ծրագրի շրջանակներում Արդշինբանկը տրամադրելու է վարկեր իր հաճախորդներին սկսած տարեկան 11% տոկոսադրույքից:
Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկը (ՍԱԶԲ) միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը հիմնադրվել է Սեւծովյան տարածաշրջանի տասնմեկ երկրների կողմից: ՍԱԶԲ-ը խթանում է տնտեսական զարգացումը եւ տարածաշրջանային համագործակցությունը` իր անդամ երկրների պետական եւ մասնավոր հատվածի նախագծերի իրականացման համար տրամադրելով վարկեր, վարկային գծեր, երաշխիքներ, ինչպես նաեւ իրականացնելով ներդրումներ կապիտալում եւ առեւտրի ֆինանսավորում:
Արդշինբանկը Հայաստանի բանկային համակարգի առաջատարներից է եւ ունի վաճառքի լայն ցանց կազմված 55 մասնաճյուղից: Բանկը Հայաստանի միակ մասնավոր կառույցն է, որը միջազգային ֆինանսական շուկաներում թողարկել է եվրոպարտատոմսեր եւ ունի միջազգային հեղիանակավոր վարկանշային երկու գործակալություններից (Moody’s եւ Fitch) ստացված վարկանիշ՝ հավասար Հայաստանի Հանրապետության վարկանշային մակարդակին:





























