Երեւանում հուլիսի 4-ին ՀԱՊԿ ԱԳ նախարարների՝ ԼՂ հակամարտության վերաբերյալ ընդունած հայտարարությունը բխում է պաշտոնական Երեւանի շահերից: Այս մասին այսօր՝ հուլիսի 6-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ այդ հայտարարությամբ ՀԱՊԿ անդամ երկրները իրենց անհամաձայնությունն են հայտնում Ադրբեջանի վարած քաղաքականությանը:
«Մեկ անգամ եւս հայկական կողմին հաջողվեց ՀԱՊԿ-ում հասնել միասնական դիրքորոշման: Ոչ միշտ է ստացվել, որ ՀԱՊԿ անդամ որոշ երկրներ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում ունեցել են հստակ դիրքորոշում կամ դիրքորոշում, որը չի հակասել ՀԱՊԿ-ի պաշտոնական դիրքորոշմանը: Եվ Ղազախստանը, եւ Բելառուսը մերթընդմերթ հանդես են եկել հայտարարությամբ, որոնք հակասել են թե ՀԱՊԿ-ի պաշտոնական դիրքորոշմանը, թե Հայստանի դիրքորոշմանը: Եվ պատահական չէ, որ քառօրյա պատերազմից հետո նախագահ Սերժ Սարգսյանը ՀԱՊԿ երկրների նախագահների հանդիպման ժամանակ նշեց, որ մենք ունենք դաշնակիցներ, որոնք իրենց նույնիսկ նեղություն չեն տալիս՝ զանգահարելու, հետաքրքրվելու՝ պատերազմից հետո ինչպիսին է իրավիճակը: Կարող եմ մեկ բառով ասել՝ նախագահի հորդորը տեղ է հասել եւ այս հայտարարության արդյունքը խոսում է դրա մասին»,-ասաց Շարմազանովը:
Նա նաեւ նշեց, որ ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների պաշտոնական տեսակետը հետեւյալն է՝ պետք է իրականացնել Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներում ընդունված պայմանավորվածությունները. «Եթե հիշում եք, ադրբեջանական կողմը հայտարարեց, որ հարմար չի գտնում հետաքննության մեխանիզմների ներդրման հարցը, այն դեպքում, երբ հայտարարության առաջին կետով ՀԱՊԿ անդամ երկրները, այդ թվում նաեւ համանախագահ երկիր Ռուսաստանն ու Ղազախստանը մեսիջ են հղում Բաքվին, որ նրանք համամիտ չեն Ալիեւի այդ դիրքորոշման հետ եւ ՀԱՊԿ-ն հստակ տալիս է մեսիջ՝ վստահության մեխանիզմների իրականացումն անհրաժեշտություն է եւ Վիեննայի, եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները պետք է կատարվեն»:
Շարմազանովի խոսքով՝ տեւական ժամանակ թուրքալեզու պետություններից մի քանիսը, այդ թվում նաեւ Թուրքիան եւ Ադրբեջանը, ջանք չեն խնայում Թուրքիային ներգրավել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում որպես միջնորդ, սակայն, ՀԱՊԿ անդամ երկրները հայտարարեցին, որ ՀԱՊԿ-ն դեմ է Մինսկի խմբի համանախագահության փոփոխությանը եւ սատարում է Մինսկի խմբի համանախագահության ջանքերին:
«ՀԱՊԿ անդամ երկրները ասում են՝ Թուրքիա դու ղարաբաղյան կարգավորման գործընթացքում տեղ չունես: Սա արվում է մի ժամանակահատվածում, երբ թուրք-ռուսական թշնամական հարաբերությունները ձնհալ են ապրում: Բայց Ռուսաստանը որպես ՀԱՊԿ լոկոմոտիվ եւ Ղազախստանը որպես թուրքալեզու պետություն, հաստատում են իրենց պարտավորությունն աջակցել Մինսկի խմբի համանախագահությանը»:
Նա նաեւ նշեց, որ մեկ անգամ չէ, որ տարբեր թուրքալեզու պետություններ, խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, որպես առավելագույն սկզբունք նշել են տարածքային ամբողջականությունը, սակայն, Երեւանում հուլիսի 4-ին ՀԱՊԿ ԱԳ նախարարաների արված հայտարարության մեջ ՀԱՊԿ անդամ երկրները, այդ թվում նաեւ Ղազախստանն ու Ղրղզստանը, հստակ նշում են, որ սկզբունքներն իրավահավասար են եւ անխուսափելի է ինքնորոշման իրավունքի իրացումը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւանում ընթացող ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում ԼՂ հակամարտության վերաբերյալ հայտարարություն է ընդունվել, ըստ որի, ՀԱՊԿ անդամ երկրներն աջակցություն են հայտնում մայիսի 16-ին Վիեննայում եւ հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ տեղի ունեցած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածություններին՝ ուղղված հակամարտության գոտում իրավիճակի սրման կանխարգելմանը, իրադրության կայունացմանը եւ խաղաղ բանակցային գործընթացի առաջ մղման համար պայմանների ստեղծմանը:




























