Ռուսաստանն ու ՆԱՏՕ-ն ավելացնում են ռազմական ներկայությունն ամբողջ Արեւելյան Եվրոպայում, ինչի առիթով երկու կողմի պաշտոնյաներն էլ սկսել են խոսել սառը պատերազմի ոգով նոր դիմակայության վտանգի մասին: Ռուսաստանի համար տարածաշրջանում ռազմավարական առանցքային տարր է Կալինինգրադը: ՆԱՏՕ-ի անդամ Լեհաստանի եւ Լիտվայի միջեւ գտնվող ռուսական այդ տարածքը Կրեմլին թույլ է տալիս զորքեր տեղակայել Դաշինքի հյուսիսային թեւում: Այս մասին գրել է Reuters գործակալության թղթակից Լիդիա Քելլին:

Հոդվածի համաձայն, հուլիսի սկզբին Կալինինգրադ Reuters-ի լրագրողների եռօրյա այցի ընթացքում «ռազմական ներկայության աճի բավականաչափ ակնհայտ վկայություններ կային». «Բեռնատարները նավահանգստից ռազմական տեխնիկա էին փոխադրում դեպի ցամաքի խորքերը, զինծառայողների ոչ մեծ խմբեր էին ժամանում, բազաներից մեկի հարեւանությամբ անվտանգության ամրապնդման ուղղությամբ աշխատանքներ էին տարվում, ամենուր մեկ այլ բազայի շինարարություն էր ընթանում, որտեղ ռազմական ռադարների համակարգ է տեղակայված»:

Ռուսաստանի պաշտպանության նախարարը չի պատասխանել Կալինինգրադում նոր ուժերի տեղակայման մասին հարցերին: «Սակայն այդ գործունեության մեծ մասը համապատասխանում է ռազմական վերլուծաբանների կարծիքներին եւ արեւմտյան դիվանագետների ենթադրություններին, որ Ռուսաստանը պատրաստվում է Կալինինգրադում նոր հակաօդային համակարգեր տեղադրել, որոնք կարող են մարտահրավեր նետել Բալթյան երկրներում եւ Լեհաստանում ՆԱՏՕ-ի օդանավերին: Ռուսական ռազմական ներկայության աճի հարցը լինելու է նաեւ հուլիսի 8-ին ՆԱՏՕ-ի գագաթաժողովի օրակարգում»,- գրել է Քելլին:

«Խոսելով տաածաշրջանում սպառնալիքների մասին, մենք իսկապես կարող ենք նշել վերջին օրերին ռուսական ագրեսիայի ինտենսիվության աճի մասին,- Reuters-ին ասել է Լեհաստանի պաշտպանության նախարար Անտոնի Մացերեւիչը: Այդ սպառնալիքները շատ կարեւոր նշանակություն ունեն, դրանք վտանգավոր են, ՆԱՏՕ-ն մշտապես մտածում է դրանց մասին»:

«Կալինինգրադից վերլուծաբան Վլադիմիր Աբրամովի խոսքով, Մոսկվան չի ծրագրում Կալինինգրադը հեղեղել զորքերով եւ զինտեխնիկայով, այլ մտադիր է թարմացնել շրջանի ռազմական ենթակառուցվածքները: Աբրամովի կարծիքով, Արեւմուտքն ու Ռուսաստանը հավասարաչափ մեղավոր են այժմյան դիմակայության հարցում»,- գրում է հեղինակը:

«Կալինինգրադի զորքերը լրջորեն թարմացվում են որակապես, այլ ոչ քանակապես: Մեր գլխավոր շտաբը հասկանում է, որ հիմարություն է այստեղ մեծ թվով զորքեր տեղակայելը»,- ասել է Աբրամովը: