Համայնքների խոշորացումը ժամանակավրեպ է, այսօր այն լրացուցիչ հոգս է մարդկանց համար։ Այս մասին այսօր՝ հուլիսի 6-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը։
«Սա ռեֆորմ է, ռեֆորմ անելու համար նախ պետք է լինի հանրային վստահություն իշխանությունների հանդեպ։ Համայնքի կենտրոնը լինելու է համայնքներից որոշակի հեռավորության վրա։ Սա լրացուցիչ ծախս է յուրաքանչյուր բնակչի համար, սա աշխատատեղերի կրճատում է։ Հենց սա՞ է այն տեղը, որտեղից մենք պետք է սկսեինք կրճատել, երբ ունենք մոտ 270 հազար պետական ապարատում չինովնիկներ, որոնց 180 հազարը բանի պետք չէ, պարզապես լռության եւ ընտրության վարձ են ստանում»,- ասաց Լյովա Խաչատրյանը` նշելով, որ եթե հիմա մարդիկ կարող են ոտքով հասնել համայնքապետարան, ապա խոշորացումից հետո հավելյալ գումար են ծախսելու․ «Երբ համայնքը կլինի 20 կմ հեռավորության վրա, ցանկացած խնդրով գանլուց «հա»-ն ու «չէ»-ն փող է արժենալու, որը չունեն մարդիկ այսօր»։
Պատգամավորի խոսքով՝ անհասկանալի է, թե ինչով է բացատրվում նոր ծրագրերի իրականացումը, երբ ոչ մի տեղից գումար չի ավելանալու։ Ավելին՝ գումարը տնօրինելու է մեկ համայնքապետ, որի համար, ըստ պատգամավորի, 100, 200 ընտրող ունեցող գյուղերը կարեւոր չեն լինելու եւ ուշադրությունից դուրս են մնալու։
«Եթե կան խնդիրները, ամեն համայնք իր բյուջեով խնդիրների 5 տոկոսն է կարողանում լուծել, եթե բյուջեն գումարեցինք, լցրինք մի բանի մեջ, մենք 5 տոկոսից ընդհանուր ավելի խնդիրնե՞ր ենք լուծելու»,- ասաց Լյովա Խաչատրյանը։
Պատգամավորը նշեց, որ ինքն իր կուսակիցների հետ արդեն եղել է Ապարանի, Աշտարակի, Ապարանի տարածաշրջանների 9 գյուղերում, հանդիպել տեղի բնակիչների հետ, ոչ նրանք, ոչ համայնքապետերը գոհ չեն եղել խոշորացումից։ Նա նշեց, որ շրջայցերը շարունակվելու են։




























