Վերին Լարսի փակվելը վատ է անդրադարձել գյուղատնտեսության վրա,  պակասեցրել արտահանվող, ներկրվող ապրանքների քանակը։ Այս մասին այսօր՝ հուլիսի 6-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը։

«Գյուղմթերքներն արտահանելու համար ընդամենը երեք լաստանավ է աշխատում՝ ամեն մեկը 55 մեքենայի հնարավորության։ Եթե անցած տարի այս ժամանակ 12 հազար տոննա ծիրան էինք արտահանել, այս տարի արտահանել ենք 11 հազար տոննա։ Մեր սառնարային մեքենաները, մարդկանց սեփական մեքենաներ, որ մոտիկ տարածքներ շատ արագ միրգ ու բանջարեղեն էին հասցնում, այսօր չեն կարողանում»,- ասաց պատգամավորը։

Լյովա Խաչատրյանը նշեց, որ դրա հետ մեկտեղ նոր ծախսեր են ավելացել, ներմուծում եւ արտահանում անողների համար։ «Ճանապարհի ծախսը հիմա 700 դոլարով ավելացել է։ Գումարած՝ լաստանավ մեքենա են բարձրացնում մարդիկ, իրենք էլ պետք է ինչ-որ միջոցներով հասնեն մի վայր, որ այնտեղից նորից նստեն մեքենա»,- ասաց պատգամավորը։

Լյովա Խաչատրյանը նշեց, որ ներմուծվող արտադրանքի քանակը նույնպես նվազել է։

Նշենք, որ փլուզման հետեւանքով հունիսի 23-ից փակ է Վերին Լարսի ռուս-վրացական սահմանային անցակետը: