Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է երկրի ցանկությունը` ԱՄՆ-ի հետ կարգավորել հարաբերությունները փոխշահավետ պայմաններով: Այդ մասին նա հայտնել է Բելառուսում ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Սքոթ Ռոլանդի հետ հանդիպման ընթացքում, հայտնում է «ԲելՏԱ»-ն:
«Մենք երբեք չենք թաքցրել այն փաստը, որ առանց Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների կարգավորման, մենք լիարժեք արտաքին քաղաքականություն չենք ունենա: Մենք չենք թաքցնում, որ շատ կուզեինք կարգավորել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները փոխշահավետ պայմաններով», – հայտնել է բելառուսական պետության ղեկավարը:
Բացի այդ, նա նշել է երկրների միջեւ հարաբերությունների բարելավումը:
«Եթե ասենք, թե մեր պետությունների միջեւ հարաբերություններում ամեն ինչ լավ է, հավանաբար անկեղծ չի հնչի նույնիսկ դիվանագիտական պլանում: Բայց այն, որ ավելի լավ է, քան եղել է եւ որ մենք շարժվում ենք նորմալ, ճիշտ ուղղությամբ, դուք հավանաբար չեք ժխտի», — հավելել է Լուկաշենկոն:
Նա նաեւ հայտնել է, որ ցանկացած խնդիր կարելի է լուծել, «եթե ԱՄՆ-ն բարի կամք դրսեւորի»:





























