Հուլիս 4-ին Շիրակի մարզի կարկտահարված համայնքների ղեկավարներին մարզպետ Հովսեփ Սիմոնյանն այսօր` հուլիսի 6-ին, ընդունել է, քննարկել խնդիրը եւ որոշում կայացրել: Կարկտահարված գյուղերի ղեկավարները մինչեւ մարզպետի հետ հանդիպումը խոսել են կարկուտից տուժած գյուղացիների հետ, լսել նրանց կարծիքները, ապա գնացել մարզպետի մոտ:

«Բնակիչների հետ խոսեցինք, հարցը դրեցին, որ ավելի լավ է այսօր ոչ թե վնասի հատուցում տան, այլ դրա փոխարեն ձեռք բերենք հակակարկտային կայան: Մենք մարզպետի հետ խոսեցինք եւ այս որոշման շուրջ եկանք հայտարարի, որ համայնքի ֆոնդային բյուջեից 5 համայնք միանանք ու գնենք հակակարկտային էդ սարքը: Դե եթե որոշումը ձեռք չտար, չէինք համաձայնի»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վահրամաբերդ համայնքի ղեկավար Աղվան Մարտիրոսյանը:

Վահրամաբերդ համայնքն ամենաշատն է տուժել կարկուտից, թեեւ այնտեղ կա հակակարկտային կայան. «Վահրամաբերդը երկու կայան ունի, բայց տարածություն կա, որ բաց է: Կապսից մինչեւ Հովունի ազատ է, այդտեղ ենք տեղադրելու, դրանով երեւի 90 տոկոսով հարցը կլուծենք»,-ասաց Աղվան Մարտիրոսյանը:

Մարզպետի հետ քննարկած ու ընդունած որոշմանը Հովունի եւ Կապս համայքների ղեկավարները դեմ չեն, միայն թե բյուջե չունեն. «Մեր բյուջեն քիչ է՝ 200 հազար դրամ, դա էլ գոյացել է մեկ հողակտորի վաճառքից»,-ասաց Հովունի համայնքի ղեկավար ` Թոլման Միրիջանյանը:

Բյուրակն համայնքը եւս տեղացած կարկուտից զգալի վնասներ է կրել, համայնքը երբեք չի ունեցել հակակարկտային կայան: Գյուղապետի խոսքով՝ վերջին երեք տարին համայնքի վնասները ահռելի չափերի են հասել. «Մեր համայնքում հակակարկտային կայան չի եղել, հինա մենք մեր ֆոնդային բյուջեից ենք գումար տալու, որ առնենք մենք մոտ 4 մլն ունենք, առանձին ենք մենք առնելու մեր համայնքի համար, մյուսները միավորվելու են գնեն»,-մեզ հետ զրուցում ասաց Բյուրակն համայնքի ղեկավար Սեյրան Սարգսյանը:

Մարզպետ Հովսեփ Սիմոնյանը այս համայնքին օգնելու խոստումներ էլ է տվել, սակայն թե ինչ օգնություն է, համայնքի ղեկավարը չշտապեց ասել՝ նշելով, որ երբ մարզպետը խոստումը կատարի, նոր կբարձրաձայնի. «Շատ բան խոսք տվեց մարզպետը, բայց թող կատարի, նոր ասենք: Ջուրը չտեսած չենք ուզում բոբիկանանք»-ասաց Սեյրան Սարգսյանը:

Նշենք, որ Կապս, Վահրամաբերդ, Մարմաշեն, Հովունի, Մայիսյան համայնքները կմիավորվեն ու ձեռք կբերեն երեք հակակարկտային կայան: