Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Իոաննիս Տայիսին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: 

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետը բարձր եւ արդյունավետ է գնահատել դեսպանի գործունեությունը մեր երկրում, ինչը նպաստել է Հայաստանի եւ Հունաստանի միջեւ քաղաքական եւ տնտեսական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Կառավարության ղեկավարը կարեւորել է երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցության ակտիվացումն ու առեւտրաշրջանառության ծավալների ավելացումը, ինչի համար առկա է մեծ ներուժ:

Այս համատեքստում, վարչապետն ընդգծել է հայ-հունական միջկառավարական հանձնաժողովի ակտիվ գործունեության անհրաժեշտությունը:

Իոաննիս Տայիսը շնորհակալություն է հայտնել վարչապետին սերտ համագործակցության համար եւ նշել, որ վերջին տարիների ընթացքում երկու երկրների միջեւ հարաբերություններն ակտիվ զարգացում են ապրել: Դեսպանը վստահություն է հայտնել, որ հետագայում եւս հայ-հունական փոխգործակցությունը կշարունակի զարգանալ եւ ամրապնդվել տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տնտեսության մի շարք ճյուղերում:

Հայ-հունական հարաբերությունների զարգացման առումով զրուցակիցները կարեւորել են երկկողմ տարբեր մակարդակի փոխայցելությունները: Կողմերը  հեռանկարային են համարել փոխգործակցության ընդլայնումը կրթության, պաշտպանության, զբոսաշրջության, գյուղատնտեսության եւ այլ ոլորտներում: Հովիկ Աբրահամյանը եւ Իոաննիս Տայիսը քննարկել են հայ-հունական հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր:

Հանդիպման ավարտին վարչապետը դեսպան Տայիսին մաղթել է նորանոր հաջողություններ հետագա գործունեության ընթացքում: