Չի անցնում մեկ օր, որ ադրբեջանական լրատվամիջոցները չպատմեն Ազգային անվտանգության նախկին նախարար Էլդար Մահմուդովի խմբավորման նորից բացահայտված հանցագործությունների մասին։ Խմբավորումն այնքան երկար ժամանակ է գործել եւ այնքան հմուտ, որ հաջողացրել է հազարավոր մարդկանց ճակատագրեր խեղել։

Haqqin.az–ի փոխանցմամբ՝ ԱԱՆ ղեկավարի ենթակաները հանցավոր բիզնես սխեմա էին ստեղծել, որը թույլ էր տալիս անպատիժ գումար շորթել գործարարներից, պաշտոնյաներից, արտիստներից։ Գործի են դրվել ահաբեկման, շանտաժի, կտտանքների, կալանքի եւ կոմպրոմատի մեթոդները։

Բայց պարզվում է, ոչ միայն պաշտոնյաներն ու ձեռներեցներն են գրավել ԱԱՆ աշխատակիցների ուշադրությունը, նրանց զոհերն են դարձել նաեւ կանայք, գրում է Moderator.az–ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։ ԱԱՆ–ում գործել է մի ամբողջ խումբ, որի առաջադրանքն է եղել հետեւել ամուսնացած հարուստ կանանց։

Հենց որ ԱԱՆ–ում օպերատիվ տեղեկություն էր հայտնվում այն մասին, որ այս կամ այն կինը սիրեկան ունի, նրան անմիջապես սկսում էին հետեւել։ Գաղտնալսել են հեռախոսները, տեսագրել հանդիպումները եւ այլն։ Իսկ ինտիմ կյանքի տեսագրությունը ձեռք բերելով՝ նրանք սկսել են շանտաժի դիմել։

Կանանց, որոնց ԱԱՆ խիզախ տղերքը բռնացնում էին դավաճանության վրա, առաջարկում էին գնել իրենց ինտիմ կյանքի մասին տեսանյութերը։ Հակառակ դեպքում սպառնում էին տեղադրել դրանք համացանցում եւ ուղարկել խաբված ամուսնուն։

Վախեցած կանայք անում էին հնարավոր ամեն բան վարկաբեկող նյութերի  տարածումը կանխելու համար։

Նրանք մեծ գումարով գնում էին տեսագրությունները, բայց որոշ ժամանակ անց ջրի երես էր դուրս գալիս դրա պատճեն, որի համար ԱԱՆ աշխատակիցները նորից գումար էին պահանջում։ Այդ շանտաժը շարունակվում էր տարիներով՝ անհավատարիմ կանանց կյանքը մղձավանջի վերածելով։

ԱԱՆ «բարքերի ոստիկանությունը» հետեւել է նաեւ իրենց կանանց դավաճանող տղամարդկանց, սակայն, ի տարբերություն իգական սեռի, նրանց միշտ չէ, որ վախեցրել է բացահայտվելու սպառնալիքը։

Պարբերականը նշում է, որ երկար տարիների ընթացքում ԱԱՆ զոհերի ցուցակում են հայտնվել հարյուրավոր տղամարդիկ եւ կանայք, որոնք անգամ ԱԱՆ–ում իրականացված բազմաթիվ ձերբակալություններից հետո վախի մեջ են ապրում։