ԱՄՆ-ն կօգնի Վրաստանին ամրապնդել բանակը: Այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Թբիլիսի իր առաջին այցի շրջանակում:

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին ու Վրաստանի վարչապետ Ջորջ Կվիրիկաշվիլին հուլիսի 6-ին ստորագրել են փոխըմբռնման մասին հռչակագիր, որով ԱՄՆ-ն խոստանում է ամրապնդել պոտենցիալ սպառնալիքներից ինքն իրեն պաշտպանելու՝ Վրաստանի ունակությունը: Reuters նշում է, որ դա նշանակում է մեծ փոխգործակցություն ռազմական ոլորտում ու անվտանգության հարցերում, տեղեկությունների փոխանակման ընդլայնում, պաշտպանունակության ավելացում, մասնավորապես մարտունակության բարձրացում ու աջակցություն պաշտպանական գնումներին:

Քերրիի խոսքով, ԱՄՆ-ն աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանն ու անկախությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններում: «Ռուսաստանի կողմից վրացական տարածքների օկուպացումը անընդունելի է: Մենք շարունակում ենք կոչ անել Ռուսաստանին կատարել պարտավորությունները, որոնք ստանձնել է 2008-ի հրադադարի մասին համաձայնագրի շրջանակում՝ այդ թվում իր ուժերը վերադարձնել մինչեւ հակամարտություն եղած դիրքեր»: