ՀԴԲ ղեկավար Ջեյմս Կոմին պետք է կոնգրեսականներին պարզաբանումներ տա Հիլարի Քլինթոնի նամակագրության գործով Բյուրոյի երաշխավորությունների հետ կապված: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանրապետական պատգամավորները Կոմիին հրավիրել են ցուցմունք տալու, որը մեկ օր առաջ արդարադատության նախարարությանը երաշխավորել էր գործ չհարուցել Քլինթոնի նկատմամբ:

Հետաքննության արդյունքում ՀԴԲ-ն հանգել է եզրակացության, որ Քլինթոնը «չափազանց անփույթ է վարվել» գաղտնի տեղեկատվության հետ, սակայն ապացույցներ չեն հայտնաբերվել, որ նա կամ նրա գործընկերները գիտակցաբար որեւէ կանոն կամ օրենք են խախտել:

BBC-ի փոխանցմամբ, Քլինթոնի էլեկտրոնային նամակագրության հետ կապված սկանդալը հրահրվել է 2015 թվականի մարտին: Պարզվել է, որ ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը զբաղեցնելու տարիներին նա խախտել է սահմանված պահանջները եւ անձնական էլեկտրոնային փոստով ծառայողական նամակագրություն վարել: