Խորհրդային միության իշխանությունները ժամանակին բացահայտ կերպով հափշտակել են ուրիշների փողերը: Ըստ ՌԲԿ-ի, «ВКонтакте» սոցցանցի օգտատերերի հետ ուղիղ եթերում այս մասին հայտարարել է Ռուսաստանի Խնայբանկի նախագահ Գերման Գրեֆը՝ պատասխանելով հաճախորդի հարցին, որը կոչ է արել «ռուսաստանցիների 1991 թվականի պարտքերը մարել գոնե 1-ը 150-ի դիմաց գործակցով եւ մարել 26 տարվա տոկոսները»:

Նրա խոսքով, 1991 թվականին դրամական բարեփոխման պատճառով Խնայբանկն ու նրա ավանդատուները թալանվել են, եւ պետությունը պետք է փոխհատուցի այդ կորուստները:

«Համաձայն եմ, որ դա ազնիվ չէ, դա բարոյական չէ: Այո՛, դա թալան է, ուրիշի սեփականության բացահայտ հափշտակում: Սակայն փոխհատուցման հարցը շատ բարդ ֆինանսական պատմություն է»,- հայտարարել է Գրեֆը:

Նրա խոսքով, խնդիրն այն է, որ ավանդատուների պարտքերը պետք է վճարի ոչ թե Խնայբանկը, այլ պետությունը: «Ավելի լավ է նույնիսկ մեր ավանդատուներին բաժնետոմսեր տալ, բայց, ինչպես հասկանում եք, դա բարդ խնդիր է»,- ասել է Գերման Գրեֆը: