Փարիզի երդվյալների դատարանը ռուանդացի երկու նախկին քաղաքագլուխների ցմահ ազատազրկման է դատապարտել՝ 1994 թվականին Ռուանդայում իրագործված ցեղասպանությանը մասնակցության համար:

65-ամյա Տիտո Բարախիրան եւ 58-ամյա Օկտավիեն Նգենզին մեղադրվում են երկրի արեւելքում հաջորդաբար իրենց գլխավորած Կաբարոնդոյում արյունալի մարտերի ժամանակ հրամաններ արձակելու մեջ: Դատապարտյալները հերքել են իրենց առաջադրված մեղադրանքը:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, նրանց գործով դատավարությունը շարունակվում էր երկու ամիս:

1994 թվականին Ռուանդայում անհայտ անձինք խոցեցին երկրի նախագահին՝ հութու ցեղի ներկայացուցիչ Ժյուվենալ Հաբիարիմանային եւ հարեւան Բուրուդիի ղեկավար Սիպրիեն Նտարյամիրին փոխադրող օդանավը: Հութուները կատարվածի մեջ մեղադրեցին թութսիներին եւ սկսեցին զանգվածաբար կոտորել նրանց: ՄԱԿ-ի տվյալներով, հակամարտության ամենաթեժ շրջանում ավելի քան 800 հազար մարդ է սպանվել: