Վրաստանի իրավասու մարմինների տեղեկությունների համաձայն՝ Վերին Լարսը կմաքրեն շուրջ մեկ շաբաթվա ընթացքում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Վրաստանի Միջազգային ավտոմոբիլային փոխադրողների ասոցիացիայի գլխավոր քարտուղար Գիա Ծիպուրիան:
Նրա խոսքով, ներկայում Ստեփանծմինդա-Լարս մայրուղին բաց է միայն թեթեւ մարդատար ավտոմեքենաների համար, իսկ երեկոյան 22:00-ից մինչեւ առավոտյան 05:30-ը ճանապարհը փակվում է:
«Հիմա մեզ հաղորդում են, որ մեկ շաբաթ անց ճանապարհը կբացվի նաեւ բեռնատարների համար, այդ թվում՝ կիսակցորդով: Մեկ շաբաթն ավելի վաղ է, քան մենք էինք ակնկալում, այնպես որ ամեն ինչ, կարծես, կարգավորվում է»,- հայտարարել է Ծիպուրիան:
Փոթի-Նովոռոսիյսկ երթուղում նոր շոգենավ են ավելացրել, սակայն ցամաքով բեռնափոխադրում իրականացնելը, ամեն դեպքում, ավելի արագ է: Այդ պատճառով, ըստ Ծիպուրիայի, երբ ճանապարհը կրկին ամբողջությամբ գործարկվի, շոգենավը կրկին պահուստային տրանսպորտի դեր կկատարի:
Հիշեցնենք, որ հունիսի 23-ին Թերեք գետի հեղեղման հետեւանքով «Վերին Լարս» անցակետից 2 կմ հեռավորությամբ Վրաստանի տարածքում մայրուղու՝ 500-600 մետր երկարությամբ հատվածը փլուզվել է, ինչից հետո՝ փակվել:
Կուտակումներից խուսափելու համար հայ փոխադրողները մի քանի նավ եւ չարթերային օդանավեր են վարձել՝ ապրանքներն արագորեն փոխադրելու համար:
Հունիսի 30-ին եւ հուլիսի 1-ին ռուսական օդանավը 6 չվերթ է իրականացրել՝ վրաց-ռուսական սահմանից Հայաստան տեղափոխելով 289 քաղաքացու, այդ թվում՝ 73 կնոջ եւ 31 երեխայի: Հայաստանից նույն օդանավով Ռուսաստան է տեղափոխվել ՌԴ 13 քաղաքացի, այդ թվում՝ 2 կին եւ 2 երեխա:




























