Աֆղանստանի հարցով Մոսկվայի հետ համագործակցությունը դադարեցնելու դեպքում ՆԱՏՕ-ն լրջորեն կվատթարացնի իրավիճակը ինչպես այդ երկրում, այնպես էլ Եվրոպայի անվտանգության ոլորտում: Ըստ ՌԻԱ Նովոստիի, այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Գրուշկոն:

«Մենք որեւէ պայման չենք ձեւակերպում, միայն ելնում ենք այն հանգամանքից, որ Աֆղանստանի հարցով Ռուսաստանի հետ համագործակցությունը դադարեցնելով՝ Դաշինքը լրջորեն կվատթարացնի այդ երկրում իրադրությունը»,- ասել է նա:

Գրուշկոն հիշեցրել է, որ Ռուսաստան-ՆԱՏՕ Խորհրդի շրջանակում թմրանյութերի դեմ խոշորագույն միջազգային նախագիծն է իրականացվել, որի շրջանակում  կողմերն ավելի քան 4 հազար կադրեր են պատրաստել Աֆղանստանի, Պակիստանի, ինչպես նաեւ Կենտրոնական Ասիայի երկրների թմրանյութերի դեմ պայքարի ծառայությունների համար: