Մեքսիկական «Սինալոա» թմրակարտելի եւ նրա ղեկավար Խոակին Գուսման Լոերայի առաջատարությունը փորձում է վիճարկել նախկինում հայտնի եւս մեկ թմրավաճառ Ռաֆայել Կինտերոն, լրագրողներին ասել է Չիուաուա նահանգի գլխավոր դատախազ Խորխե Գոնսալեսը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

1980-ական թթ. Կինտերոն հիմնել էր ներկայումս արդեն գոյություն չունեցող «Գվադալախարա» թմրակարտելը եւ համագործակցելով կոլումբիացի թմրաբարոնների հետ՝ դարձել էր այն ժամանակ Մեքսիկայում ամենահզորներից մեկը։

«Մենք տեղեկություն ունենք, որ Կինտերոն ուզում է գալ Չիուաուա, որպեսզի «Սինալոա» կարտելից խլի նրա բիզնեսի մի մասը»,– լրագրողներին ասել է Գոնսալեսը։

Կինտերոն ազատության մեջ էր հայտնվել 2013-ին՝ 28 տարվա բանտարկությունից հետո։ Դատարանը նրան ազատել էր 1985-ին ԱՄՆ թմրանյութերի դեմ պայքարի վարչության գործակալի սպանության համար  սահմանված պատիժը հետագայում կրելու անհրաժեշտությունից։

Դրանից հետո դատարանը նրան ձերբակալելու եւս մեկ օրդեր էր տվել, սակայն այդ պահին թմրաբարոնն արդեն թաքնվել էր, նրա գտնվելու վայրը հիմա հայտնի չէ։