Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերի ձեռքերն ընդմիշտ արյունոտվել են Իրաքի պատերազմի մասին զեկույցի հրապարակումից հետո, գրում է Daily Mail–ը։
Թերթը նշում է, որ հիմա աշխարհը գիտի ցնցող ճշմարտությունը. Բրիտանիան բոլորովին չարդարացված եւ, ըստ երեւույթին, անօրինական պատերազմ է վարել, դրա հետեւանքները վերացնելու ոչ մի պլան չի ունեցել։ Այդ ամենը հանգեցրել է Մերձավոր Արեւելքում քաոսի եւ աշխարհն ավելի վտանգավոր դարձրել։
Հեղինակի կարծիքով դա մեր օրերում վարչապետական վատագույն որոշումն է եղել։ Բլերն անձամբ պատերազմից դեռ 9 ամիսը առաջ ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշին խոստացել էր, որ ինքը, միեւնույնն է, նրա կողքին է լինելու։ Ընդ որում, ո՛չ իր ժողովրդին, ո՛չ խորհրդարանին նա այդ մասին չէր հայտնել։
Բուն պատերազմն ավարտվեց մի քանի շաբաթում, ինչը հաստատում է Իրաքի նախագահ Սադամ Հուսեյնի կողմից իրական պատերազմական սպառնալիքի բացակայության մասին, ինչին բրիտանացիներին ստիպել էին հավատալ։ Բացի այդ, հեղինակը գրում է, որ Հուսեյնը ոչ մի կապ չէր ունեցել 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների հետ, որոնք հաճախ պատերազմի կատալիզատոր են անվանում։ Զանգվածային ոչնչացման զենք նույնպես չէր հայտնաբերվել։
DM–ը գրում է, որ պատերազմից հետո իսկական քաոս է սկսվել. բռնապետությանը փոխարինելու եկավ անարխիան։ Դա ի վերջո հանգեցրեց ամբողջ Մերձավոր Արեւելքում ապստամբությունների, հազարավոր մարդկանց մահվան, միլիոնավորների գաղթին, այլ առաջնորդների տապալմանը եւ «Ալ Կաիդայի» եւ «Իսլամական պետության» ակտիվացմանը։
Իրաքի պատերազմը վարչապետի զազրելի սխալն էր, որի համար ստիպված եղան վճարել բոլորը, հատկապես զոհվածներն ու նրանց ընտանիքի անդամները, եզրափակում է հեղինակը։




























