Հայաստանը պետք է փոխի «բաց երկնքի» քաղաքականությունը՝ ստորագրելով եւ միանալով Եվրոպական ընդհանուր ավիացիոն գոտուն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է տնտեսագիտության դոկտոր, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Աշոտ Եղիազարյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում ավիատոմսերի գների կտրուկ բարձրացման խնդրին:

Դիտարկմանը, որ օգտվելով առիթից, որ փակ է Վերին Լարսի ճանապարհը ռուսական ավիաընկերությունները կրկնակի չափով բարձրացրել են ավիատոմսերի գները, Աշոտ Եղիազարյանն ասաց. «Ռուսաստան ընկերությունները սովոր են աշխատել նման ձեւով: Այդ իրավիճակից ազատվելու համար Հայաստանը պետք է փոխեր «բաց երկնքի քաղաքականությունը»՝ ստորագրելով եւ միանալով Եվրոպական ընդհանուր ավիացիոն գոտուն: Դրանով Հայաստանի երկինքը կմիավորվեր այդ մեծ ընդհանուր տնտեսական գոտուն եւ գուցե դառնար կարեւոր օդային միջանցքների մաս»:

Նրա խոսքով, «բաց երկնքի քաղաքականությունը» ստեղծում է հիմքեր՝ անցնելու այլ մակարդակի ինտեգրացիայի. «բայց եթե այդ քաղաքականությանը չհաջորդի Եվրոպական ընդհանուր ավիացիոն գոտուն միանալու գործընթացը, «բաց երկնքի քաղաքականության» արդյունավետությունը չնչին է լինելու կամ ընդհանրապես չի լինելու: Նույնկերպ ԵՄ-ն պատրաստ է Հայաստանի ապրանքները առանց մաքսի իր շուկաներ ընդունել, բայց Հայաստանը չի կարող ապահովել համապատասխան ստանդարտներ: Իսկ դրա ապահովումը հնարավոր է միայն ԵՄ-ի տնտեսական գոտուն ինտեգրվելու ճանապարհով: Այդ դեպքում մենք կստանանք համապատասխան աջակցություն, համապատասխան գործընկեր, վստահելի ներդրումային դաշտ եւ զարգացող տնտեսական տարածքի մաս կլինենք: Նույնը երկնքին է վերաբերում»: