Ռուսաստանը ամրապնդում է Հարավարեւելյան Ասիայում դիրքերը՝ կիրառելով նոր դիվանագիտական ռազմավարություն, կազմակերպելով ռազմածովային վարժանքներ եւ զինագործական ու էներգետիկ գործարքներ կնքելով, գրում է The Wall Street Journal–ը։

Ռուսաստանը, որի տնտեսությունը անկում է ապրում նավթի գների անկման եւ արեւմտյան պատժամիջոցների պատճառով, փորձում է բազմազանություն մտցնել առեւտրային գործընկերների շարքերում եւ վերականգնել իր ազդեցությունը Ասիա–Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, որտեղ ավանդաբար ուժեղ են ԱՄՆ–ը, Ճապոնիան եւ Չինաստանը։

Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի տնտեսական բլոկը, որը 2.6 տրլն դոլարի չափով տնտեսության ծավալ ունի, ռուսական ապրանքների արտահանման կարեւորագույն շուկան է։ Առաջին հերթին խոսքը ածխաջրածինների, էներգետիկ տեխնոլոգիաների եւ զենքի մասին է։

2016-ի մայիսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համագործակցությանը նոր խթան էր հաղորդել՝ Սոչիում կազմակերպելով Ռուսաստան– Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիա գագաթնաժողովը եւ հող նախապատրաստելով նոր գործարքների համար։

Ռուսաստանը վերածնում է Հարավարեւելյան Ասիայում ամուր ռազմական կապերը, գրում է թերթը։ Վերջին ժամանակներս երկիրը 2 անգամ մասնակցել է Ինդոնեզիայում «Կոմոդո» զորավարժություններին եւ ներկայացրել տարածաշրջանում սուզանավերի նոր դասը։

ԱՄՆ Խաղաղօվկիանոսյան հրամանատարության պետ Հարի Հարիսը Սենատում հայտարարել էր, որ Ասիա–Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում այդ եւ այլ նվաճումները վկայում են ավելի ռեւանշիստական եւ ինքնավստահ Ռուսաստանի մասին։

Տարածքային վեճերի պատճառով սրվող լարվածությանը համահունչ՝  աճում են Ինդոնեզիայի, Սինգապուրի, Թաիլանդի, Մալայզիայի եւ Ֆիլիպինների ռազմական ծախսերը, եւ Ռուսաստանը բարեհաջող բավարարում է նրանց զինամթերքի պահանջարկը։ Վերջին 5 տարում Հարավարեւելյան Ասիայում ռուսական զենքի վաճառքի ծավալները գրեթե կրկնակի աճել են՝ հասնելով 5 մլրդ դոլարի։

Ինչ վերաբերում է առեւտրին, ապա անցյալ տարի Ռուսաստանը ԵՏՄ շրջանակներում ազատ առեւտրի գոտու մասին պայմանագիր է կնքել Վիետնամի հետ։ Ասիա–Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի մյուս երկրները նույնպես կարող են միանալ պայմանագրին, գրում է հեղինակը։