Ոսկին թանկանում է ԱՄՆ դոլարի թուլացման ֆոնին։ Այս մասին են վկայում սակարկությունների տվյալները։ Հուլիսի 6-ին ոսկու արժեքը 2014-ի մարտի 17–ից  հետո գրանցել էր ամենաբարձր ցուցանիշը՝ տրոյական ունցիայի դիմաց 1370,7 դոլար։

Հուլիսի 7-ին  ոսկու օգոստոսյան ֆյուչերսների գինը նյույորքյան  Comex բորսայում աճել է 3,6 դոլարով կամ 0,26 տոկոսով` մինչեւ տրոյական ունցիայի դիմաց 1370,60 դոլար: Արծաթի սեպտեմբերյան ֆյուչերսների գինը բարձրացել է 0,13 տոկոսով` մինչեւ ունցիայի դիմաց 20,23 դոլար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Դոլարն արժեզրկվում է ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի բաց շուկաների հանձնաժողովի հունիսյան նիստի արձանագրությունների հրապարակման ֆոնին։ Դրանցից պարզ է դառնում, որ հանձնաժողովի անդամները վիճել են ամռանը դրույքների բարձրացման հարցի, աշխատաշուկայի վիճակի, տնտեսական աճի հեռանկարների  եւ գնաճի 2–տոկոսանոց թիրախային նիշին հասնելու հարցի շուրջ։

Ի վերջո նիստի անդամները որոշել են, որ մակրատնտեսական անորոշությունը, որը մասնավորապես Brexit–ի հետեւանք է, խոչընդոտում է դրամավարկային քաղաքականության խստացմանը։ Դոլարի կայունացումը դոլարով ոսկու առքուվաճառքը թանկացնում է օտարերկրյա արժույթ ունեցող ներդրողների համար եւ հետեւաբար թուլացումը ոսկու գների դրական աճ է ապահովում։