ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն ընդունել է Կովկասի բնության հիմնադրամի/CNF/ տնօրեն Ջեով Ջիակոմինիին եւ ազգային համակարգող Արման Վերմիշյանին եւ նրանց հետ քննարկել ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքներում /ԲՀՊՏ/ ապօրինի անտառհատման եւ էկոհամակարգի վրա բացասական ազդեցության նվազեցման հարցերը:
ԲՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների /ԲՀՊՏ/ ենթակառուցվածքների կատարելագործման, նյութատեխնիկական կարիքների համալրման, ԲՀՊՏ-ների կառավարման պլանների, էկոտուրիզմի զարգացման եւ այլ հարցեր:
Անդրադառնալով «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 2016-26թթ. կառավարման պլանին՝ CNF Հայաստանի ազգային համակարգող Արման Վերմիշյանը նշել է, որ հաշվի են առնվել շահագրգիռ կառույցների կողմից ներկայացված կարծիքներն ու առաջարկները, այս պահին անցնում է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննություն եւ լիարժեք կերպով պատրաստ կլինի կիրառման:
Քննարկելով ԲՀՊՏ-ների նյութատեխնիկական կարիքները եւ ԲՀՊՏ-ներում ապօրինի անտառհատման եւ էկոհամակարգի վրա բացասական ազդեցության նվազեցման հարցերը՝ Արամայիս Գրիգորյանը մասնավորապես ընդգծել է, որ ԲՀՊՏ-ների հարակից համայնքների ազգաբնակչությունն ունի վառելիքի խնդիր, ինչը դրդում է նրանց ապօրինի ծառահատման. «Սա հնարավոր է կարգավորել Դիլիջանում՝ անտառի թափուկի, իսկ Սեւանում՝ ջրածածկ տարածքներից հանված անտառտնկարկների վերամշակման միջոցով: Անհրաժեշտ սարքավորումների ներդրմամբ հնարավոր կլինի տեղում ստանալ այլընտրանքային վառելիք եւ նվազեցնել ապօրինի անտառհատման դեպքերը ԲՀՊՏ-ներում: Բնապահպանական այս կարեւոր միջոցառումը կնպաստի ինչպես էկոհամակարգի պահպանությանը, այնպես էլ որոշ չափով կթեթեւացնի համայնքների բնակիչների սոցիալական խնդիրը»:
Կողմերը քննարկել են նաեւ ԲՀՊՏ-ներում էկոզբոսաշրջության զարգացման խթանման հեռանկարները: Այս համատեքստում նախարար Գրիգորյանը շեշտել է համապատասխան ենթակառուցվածքների կատարելագործման եւ հզորացման հարցը՝ մասնավորապես ընդգծելով ԲՀՊՏ-ների փոխկապակցված եւ համալիր գործողությունների մշակման, էկոերթուղիներում ենթակառուցվածքների բարելավման եւ զբոսաշրջային ծառայությունների ներդրման անհրաժեշտությունը:




























