Արմավիրի մարզի Երվանդաշատ գյուղի փողոցը, որը նախորդ օրը՝ հուլիսի 6-ին, հորդառատ անձրեւի հետեւանքով ծածկվել է ջրով, քանդվել է: Այս մասին NEWS.am-ին ասաց գյուղապետ Հովնան Ավետիսյանը:
«Ճանապարհի վիճակը վատ էր, սելավից հետո ավելի վատացավ, ավելի քանդվել է»,- ասաց գյուղապետը:
Հովնան Ավետիսյանը տեղեկացրեց, որ հորդառատ անձրեւից ջրալցված 15 տան նկուղներն ու ավտոտնակները մաքրվել են, առայժմ չեն կարող ասել՝ վնաս կրել են դրանք, թե ոչ. «Վաղ է միանշանակ ասել՝ վնաս տվել է թե ոչ, որովեհտեւ կարող է՝ նստվածք տա»:
Բնակելի շենքերը, որոնց մոտով սելավաջրերը հոսել են, վնասներ չեն կրել:
Սելավից մեծ վնասներ են կրել ցանաքտարածքությունները: Հաշվարկվել է արդեն 7 հեկտար վնասված հողատարածք:
Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին, տեղացած հորդառատ անձրեւի հետեւանքով գյուղի փողոցներից մեկը ամբողջությամբ ծածկվել էր ջրով: Ջուրը լցվել էր այդ փողոցում գտնվող ավտոտնակները, տները, նկուղներն ու ցանքատարածությունները:





























