Ազգային ժողովում արտահերթ նստաշրջանի ընթացքում տեղի ունեցած թեժ քննարկումների պատճառն այն էր, որ «շոգը խփել է որոշ ուժերի»: Այս մասին այսօր՝ հուլիսի 7-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:
Հարցին, թե կոնկրետ որ ուժերին նկատի ունի, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Այն ուժերը, որոնք չկարողացան դիմադրել շոգերին»:
Հիշեցնենք, որ հունիսին կայացած արտահերթ նստաշրջանի ընթացքում ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները բուռն քննադատեցին միմյանց: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը քննադատեց ԲՀԿ-ին, ՕԵԿ-ին եւ ՀԱԿ-ին, որոնք մինչ այդ քննադատել էին իր հիմնած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: ԲՀԿ եւ ՕԵԿ խմբակցության ղեկավարները, չկարողանալով զսպել զգացմունքները, սկսեցին վիրավորել Փաշինյանին:




























