«Յանդեքս տաքսի» ընկերության կողմից 2 կմ-ի համար սահմանված 100 դրամ գինը խիստ կասկածելի է, եւ դրանում առկա է դեմպինգ իրականացնելու քաղաքականություն: Այս մասին նշվել է հուլիսի 6-ին Հանրային խորհրդում կայացած աշխատանքային լայն քննարկման ժամանակ:
Քննարկումը կազմակերպել է Հանրային խորհրդի Ավտոտրանսպորտային միջոցների անվտանգ շահագործման եւ երթեւկության հարցերի ենթահանձնաժողովը (նախագահ` Տիգրան Հովհաննիսյան):
Տաքսի ծառայության ներկայացուցիչները ներկայացրել են փաստեր, որոնք հաստատում են, որ նշված գինը ինքնարժեքից ցածր է` հավելելով, որ ռուսական ընկերությունը «400 դրամ» տարբերությունը վարորդներին վճարում է իր ֆինանսական ռեսուրսների հաշվին: Էկոնոմիկայի նախարարության պաշտոնյան էլ իր հերթին է կարծիք հայտնել, որ կա դեմպինգի հավանականություն` ելնելով օրենսդրությունից բխող որոշ դրույթներից:
Վազգեն Մանուկյանը ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ Արամ Սահակյանից հետաքրքրվել է, թե արդյոք հանձնաժողովը քննարկե՞լ է հնարավոր դեմպինգի հարցը: Վերջինս պատասխանել է, որ քանի դեռ ընկերությունը շուկայի մեկ երրորդից ավելին չի գրավել, ապա դա դեմպինգ համարվել չի կարող` հավելելով, որ ընկերության կողմից սահմանված ցածր գինը մարքեթինգային քայլ է, եւ որ պետք է նոր ընկերությանը շուկա մուտք գործելու հնարավորություն տալ:
Վազգեն Մանուկյանը հակադարձել է` նշելով, որ հանձնաժողովը պետք է պաշտպանի իր պետության շահերը` թույլ չտալով, որ օտարերկրյա խոշոր ընկերությունները, օգտագործելով իրենց ֆինանսական հզոր ռեսուրսները, շուկայից դուրս մղեն տեղական ընկերություններին: Նա անհրաժեշտ է համարել ուսումնասիրել «Յանդեքս» ընկերության կողմից սահմանված գինն ու համապատասխան քայլեր ձեռնարկել դեմպինգային քաղաքականությունը կանխելու ուղղությամբ:
Քննարկմանը ներկա չի եղել միայն «Յանդեքսի» ներկայացուցիչը, քանի որ որեւէ կերպ հնարավոր չի եղել կապ հաստատել ընկերության ղեկավարության հետ:
Ամփոփելով քննարկումը` Վազգեն Մանուկյանը հայտնել է, որ բարձրացված բոլոր հարցերը կամփոփվեն համապատասխան փաստաթղթում եւ կներկայացվեն ՀՀ վարչապետին:





























