«gg» ընկերությունն, ըստ էության, իրականացնում է նույն դիսպետչերական ծառայությունը, ինչ տաքսի ծառայությունները, սակայն գործում է` իբրեւ բարձր տեխնոլոգիաների ոլորտով զբաղվող ընկերություն` զերծ մնալով տաքսի ծառայության կազմակերպման համար սահմանված կարգով պետական վճարումներ կատարելուց եւ դրանով իսկ ոլորտում շահեկան դիրքեր զբաղեցնում: Այս մասին հուլիսի 6-ին Հանրային խորհրդում կայացած աշխատանքային լայն քննարկման ժամանակ նշել են քննարկմանը մասնակցող տաքսի ընկերությունների ղեկավարները:

«gg» ընկերության ղեկավարն իր հերթին պարզաբանել է իրենց գործունեության յուրահատկությունը` նշելով, որ իրենց քաղաքականությունը միտված է ոլորտը զարգացնելուն` առանց վնասելու մյուս ընկերությունների շահերը:

Ինչ վերաբերում է իրենց ընկերության հաջողություններին, ապա ընկերության ղեկավարը դա պայմանավորել է նորագույն տեխնոլոգիաների կիրառման, նոր չափորոշիչների սահմանման եւ որակյալ ծառայությունների մատուցման փաստով: Այնուամենայնիվ, նա առաջարկել է միասին քննարկել տաքսի ընկերություներին հուզող հարցերն ու հանդես գալ միասնական առաջարկներով:

Այն, որ ոլորտում անհավասար մրցակցություն կա, ընդունել են նաեւ պետական պաշտոնյաները` այդ թվում նաեւ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամը, ինչին ի պատասխան տաքսի ծառայության ընկերությունների ներկայացուցիչները կրկին պահանջել են հարցն անհապաղ կարգավորվել:

ՀՀ տրանսպորտի եւ կապի փոխնախարարը եւս ընդունել է, որ անհավասար մրցակցային պայմանների խնդիր կա, որը նախեւառաջ դրսեւորվում է 10 հազար լիցենզավորված 20-30 հազար չլիցենզավորված տաքսիների առկայությամբ: Միաժամանակ նա հավելել է, որ կառավարությունը գնացել է առավելագույնս պարզեցված ձեւով գործունեություն իրականացնելու թույլտվություն տալու ճանապարհով` փորձելով լուծել սոցիալական խնդիր: Սակայն, դա իր հերթին նվազեցրել է ոլորտում անվտանգության ապահովման եւ վերահսկողության իրականացման հնարավորությունները: Այդուհանդերձ փոխնախարարը կոչ է արել տաքսի ծառայություն իրականացնող ընկերությունների ղեկավարներին լինել միասնական, իրենց պահանջները հստակեցնել եւ ներկայացնել կոնկրետ առաջարկներ` պատրաստակամություն հայտնելով դրանք քննարկել ու լուծումներ գտնել: