ՀՀ նախագահական նստավայրի մոտ այսօր՝ հուլիսի 7-ին ավարտվեց բողոքի ակցիան ի պաշտպանություն կալանավորված՝ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանի:
Ակցիայի մասնակիցները երթով հասան նախագահական նստավայրի մոտ, որտեղ ելույթ ունեցան բարձրախոսով՝ հորդորելով ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին, Հայկ Կյուրեղյանին, Վոլոդյա Ավետիսյանին, Շանթ Հարությունյանին, Գեւորգ Սաֆարյանին:
«Նշանակեք ժողովրդի վստահության կառավարություն: Ազատ արձակեք բոլոր քաղբանտարկյալներին, հայրենիքի արժանի զավակներին, նրանք հայրենիքի նվիրյալներ են, ազգի հերոսներ են, որոնք հանդգնել են, ունեցել են քաջություն ձեր երեսին նետելու պետական դավաճանությունը: Դուք չեք կարող լինել օրինավոր իշխանություն»,- ասաց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գագիկ Եղիազարյանը:
Ակցիան այսքանով ավարտվեց: Նշենք, որ միեւնույն ժամանակ նախագահական նստավայրի մոտ բողոքի ակցիա էին անցկացնում նաեւ Նաիրիտ գործարանի նախկին աշխատակիցները:
Հիշեցնենք, որ հունիսի 23-ին Ժիրայր Սեֆիլյանը երկու ամսով կալանավորվեց: Նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը՝ հայտարարելով, որ այն շինծու է:
Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:




























