Այսօր Հայաստանում ռուսաց լեզվի շուրջ իրավիճակը միանշանակ չէ։ Նման կարծիք է հայտնել ՌԴ նախագահի՝ միջազգային եւ մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը՝ հուլիսի 7-ին այցելելով Կոմիտասի անվան թանգարան–ինստիտուտ։
Անդրադառնալով NEWS.am–ի թղթակցի հարցին, թե ինչով է պայմանավորված ռուսաց լեզվի նկատմամբ հայ դիմորդների շրջանում հետաքրքրության նվազումը, Շվիդկոյը նշեց. «Մենք շատ վատ ենք այսօր երիտասարդներին բացատրում, թե ինչ հնարավորություններ է բացում ռուսաց լեզվի իմացությունը։ Ինձ թվում է, որ արտասահմանցի մեր գործընկերները դա ավելի լավ են անում, քանի որ անգլերենի, գերմաներենի կամ ֆրանսերենի նկատմամբ հետաքրքրությունն աճում է։ Դա լուրջ թեմա է, եւ ես կարծում եմ, որ այն օրակարգում է»։
Նրա խոսքով՝ չնայած այն հանգամանքին, որ ռուսաց լեզուն Հայաստանում անորոշ կարգավիճակ ունի, այսինքն՝ ո՛չ պետական է, ո՛չ էլ ընկալվում է որպես օտար լեզու, ինչը ամորֆ վերաբերմունք է ձեւավորում նրա նկատմամբ ինչպես ծնողների, այնպես էլ երեխաների մոտ։ Նրա պահանջարկը բարձր է։
«Այսօր ԵՏՄ–ն ակտիվ զարգանում է, հայ–ռուսական շատ ընկերություններ նույնպես ռուսաց լեզվի իմացություն են պահանջում։ Բացի այդ, Հայաստանը մեծ տեղ է տալիս ատոմային էներգիային, հանրապետությունում ռուս մասնագետներ են աշխատում»,– նշել է Շվիդկոյը։



























