Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հակաահաբեկչական օրենքների փաթեթը, որը մշակվել է պատգամավոր Իրինա Յարովայի, ինչպես նաեւ Դաշնության խորհրդի պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի ղեկավար Վիկտոր Օզերովի կողմից: Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է Lenta-ն:
«Այդ փաթեթի հետ ստորագրվել է կառավարությանը հանձնարարականների ցանկը, որով կառավարությանը հանձնարարվում է շատ հստակորեն մոնիտորինգի ենթարկել օրենքի իրականացման ընթացքը, որպեսզի անհրաժեշտության դեպքում նվազագույնի հասցվեն հնարավոր ռիսկերը, որոնք կապված են ֆինանսական ծախսերի, տեղեկատվության պահպանման հայրենական սարքավորումների օգտագործման եւ այլնի հետ», — ասել է Պեսկովը:
Նա հավելել է, որ կառավարությունն անհրաժեշտության դեպքում պետք է նախաձեռնություններով հանդես գա ռիսկերի նվազեցման նպատակով համապատասխան ակտերի ընդունման վերաբերյալ:
«Պարզ ասած, կառավարությունը խստորեն կհետեւի, թե ինչպես կիրականացվի այդ օրենքը եւ անհրաժեշտության դեպքում, եթե իրոք տհաճ երեւույթներ ի հայտ բերվեն, կառավարությունը, նախագահի հանձնարարականով, համապատասխան միջոցներ ձեռք կառնի: Այսինքն օրենքը ստորագրվել է հանձնարարականների ցանկի հետ միասին», - հավելել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:
Հակաահաբեկչական օրենքների փաթեթը, որը ստեղծվել է Յարովայի, ինչպես նաեւ Դաշնության խորհրդի պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի ղեկավար Վիկտոր Օզերովի կողմից, ցմահ բանտարկություն է նախատեսում միջազգային ահաբեկչության համար, ահաբեկչության համար քրեական պատասխանատվություն 14 տարեկանից սկսած, ինչպես նաեւ կապի օպերատորների, մեսենջերների եւ սոցցանցերի պարտավորությունը` պահպանելու օգտատերերի զրույցների եւ նամակագրության վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը:
Փաստաթղթով փոփոխություններ են մտցվում Քրեական եւ Քրեական-ընթացակարգային օրենսգրքերի մեջ, ինչպես նաեւ 10 առանձին օրենքի: Այն ստորին պալատի կողմից ընդունվել է հունիսի 24-ին եւ Դաշնության Խորհրդի կողմից հավանության է արժանացել հունիսի 29-ին:
Բջջային օպերատորները հայտնել են, որ օրենքի նորմերի պահպանման դեպքում կապի ծառայությունների գները կարող են երկու-երեք անգամ թանկանալ: Ընկերություններն առաջարկել են հատուկ հանձնաժողով ստեղծել ի հայտ եկած տարաձայնությունների հաղթահարման համար: Սակայն Յարովայի կարծիքով, «ծառայությունների թանկացման ոչ մի հիմք չկա»:




























