ՌԴ նախագահի միջազգային ու մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը Հայաստան կատարած այցի շրջանակում հուլիսի 7-ին անցելել է Կոմիտասի թանգարան -ինստիտուտ:

«Ես առաջին անգամ Կոմիտաս լսել եմ 1965-ին, ընդ որում ոչ թե Հայաստանում, այլ Թբիլիսիում: Մի հրաշալի երաաժիշտ կար՝ Ռաֆիկ Ղազարյան: Երբ ես նրա տանն էի, նա ինձ համար միացրեց ձայնասկավառակ, ընդ որում շատ հին, մինչպատերազմական: Դա «Հայր մեր» տերունական աղոթքն էր: Այն ինձ վրա շատ սուր, հուզիչ տպավորություն թողեց: Զարմանալի էր, քանի որ ես եկեղեցի չէի հաճախում, իսկ 1965-ին հոգեւոր երաժշտություն առհասարակ շատ հազվադեպ էին լսում: Հետո ես լսեցի նրա բազմաթիվ այլ ստեղծագործություններ, բայց ահա այդ հուզիչ ձայնագրությունը մինչեւ հիմա մխրճված է հիշողությանս մեջ»- պատմել է Շվիդկոյը Կոմիտասի ստեղծագործության հետ իր առաջին ծանոթության մասին:

Հետո նա գրառում է թողել թանգարանի հյուրերի գրքում.

«Սրտանց շնորհակալ եմ Ձեզ, որ ինձ հնարավորություն ընձեռեցիք հաղորդակից դառնալ Կոմիտասի մոգական աշխարհին, նրա անձի առեղծվածին, որը երաժշտության հոգեւոր լույսով է լուսավորում հայ ժողովրդի ուղին 20-րդ եւ 21-րդ դարերում: Հույս ունեմ, որ այն հավերժ կլուսավորի այն: Հրաշալի տեղ է, որը վեհացնում է այստեղ եկած յուրաքանչյուր մարդու»: