Մոտ 128 հազար մարդ է ներառվել Աբխազիայում հանրաքվեին քվեարկության ցուցակներում: Այդ մասին հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Բատալ Տաբագուան:
Ավելի վաղ Աբխազիայի նախագահ Ռաուլ Հաջիմբան հրաման էր ստորագրել հուլիսի 10-ին հանրաքվե անցկացնելու վերաբերյալ: Քաղաքացիները պետք է պատասխանեն հետեւյալ հարցին. «Անհրաժեշտ համարում եք արդյոք Աբխազիայի հանրապետությունում նախագահական արտահերթ ընտրությունների անցկացումը»:
«Ընտրողների ցուցակներում մոտ 128 հազար մարդ է ներառվել: Դրանք նախնական տվյալներ են, որովհետեւ անմիջապես քվեարկության օրը կարող են լրացուցիչ ցուցակներ հայտնվել, եթե պարզվի, որ մարդը չի հայտնվել հիմնական ցուցակում», — ԿԸՀ-ի ղեկավարին է մեջբերում «Աբխազիա-Ինֆորմ» գործակալությունը:
ԿԸՀ-ի նախագահը հայտնել է, որ քվեարկությունից 10 օր առաջ` հուլիսի 1-ին ցուցակները կկախվեն բոլոր ընտրատեղամասերում: Նա ընդգծել է, որ քվեարկությունը կընթանա 151 տեղամասում, որոնք միավորված են 33 ընտրական օկրուգում: Նա նշել է, որ հանրաքվեին հնարավոր է քվեարկել միայն Աբխազիայի քաղաքացու անձնագրով, ըստ գրանցման վայրի: Ավելի վաղ հանրապետության կառավարությունը քաղաքացիների ժամկետանց անձնագրերի գործողության ժամկետը երկարաձգել է մինչեւ հուլիսի 10-ը ներառյալ:





























