Իսպանիան եւ Պորտուգալիան չեն կարողացել Եվրամիության սահմանած ժամկետներում նվազեցնել բյուջեի դեֆիցիտը: BBC-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել են Եվրահանձնաժողովում:

Եթե այս երկրները չապացուցեն, որ դեֆիցիտը կապված է արտակարգ հանգամանքների հետ, ապա, թերեւս, ստիպված կլինեն իրենց ՀՆԱ-ի մինչեւ 0.2%-ի չափով տուգանք վճարել, որը մի քանի միլիարդ դոլար կկազմի: Մինչեւ հիմա այս միջոցը ԵՄ-ի անդամ որեւէ երկրի նկատմամբ չի կիրառվել:

2009 թվականից Իսպանիան եւ Պորտուգալիան բյուջեի չափազանց բարձր դեֆիցիտ ունեն: Ամեն տարի Եվրահանձնաժողովը դեֆիցիտի նվազեցման ժամկետ է սահմանում, որը վերջին երկու տարիներին այս երկրները չեն կատարել:

2015 թվականին Իսպանիայի բյուջեի դեֆիցիտը կազմել է ՀՆԱ-ի 5.1%-ը, չնայած Եվրահանձնաժողովը պահանջել էր այն հասցնել 4.2%-ի: Պորտուգալիայի դեպքում դեֆիցիտը կազմել է ՀՆԱ-ի 4.4%-ը՝ պահանջվող 2.5%-ի փոխարեն: