ՀՀԿ-ն դրական է գնահատում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային նախօրեին ունեցած հեռախոսազրույցը Սանկտ Պետերբուրգում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ Պուտինի հանդիպման մասին: Այս մասին այսօր՝ հուլիսի 7-ին, ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Պարզ դարձավ, որ երկու գերտերությունների ղեկավարներն այս հարցում ունեն համահունչ դիրքորոշումներ: Այն կարծիքը, որ Ղարաբաղյան հարցում ռուս-ամերիկյան հակասություններ կան, գոնե պաշտոնական հաղորդագրություններից տեսանք, որ այդպես չէ, ղեկավարները կողմ են բացառապես խաղաղ կարգավորման»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

Նշենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նախօրեին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում խոսել են հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ Պուտինի հանդիպման մասին։ Օբաման պատրաստակամություն է հայտնել ակտիվացնել ջանքերը՝ ղարաբաղյան հակամարտության համապարփակ լուծման հասնելու համար: