ՆԱՏՕ-ն անհրաժեշտ է համարում բաց պահել Ռուսաստանի հետ քաղաքական երկխոսության ուղիները: Այս մասին HaberTurk հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

Նրա խոսքով, ՆԱՏՕ-ն աշխատում է Մոսկվայի հետ ավելի կառուցողական հարաբերություններ հաստատելու ուղղությամբ: Միաժամանակ, նա նշել է, որ Ռուսաստանը խոշոր ռազմական ուժ է:

Պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպես են փոխկապակցված ՆԱՏՕ-ի երկու հիմնական մարտահրավերները՝ Ռուսաստանի հետ հարաբերություններն ու «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարը, Ստոլտենբերգը նշել է, որ «սխալ է դրանք համեմատելը»: «Մեզ համար դրանք երկու միանգամայն տարբեր բարդ հարցեր են: Եվ ՆԱՏՕ-ն չի կարող ընտրություն կատարել. կա՛մ ահաբեկչության դեմ պայքար, կա՛մ հավակնոտ Ռուսաստան»,- ասել է նա:

Ըստ ՏԱՍՍ-ի, նա հիշեցրել է, որ Ռուսաստանի հետ երկխոսության համար դաշինքը ՆԱՏՕ-Ռուսաստան Խորհուրդ անվանումով հարթակն է օգտագործում: «Այսինքն՝ առանձնապես բարձր լարվածությամբ ժամանակաշրջանում, ինչպես հիմա է, մենք հավատում ենք երկխոսության հնարավորությանը»,- հավելել է նա: