ՆԱՏՕ-ին Ուկրաինայի կամ Վրաստանի անդամակցության հարցն օրակարգում չկա: Այս մասին «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով Սպիտակ տան խորհրդական Էնթոնի Բլինքենը:

Անդրադառնալով Դաշինքին այլ երկրների անդամակցությանը՝ Բլինքենը նշել է Չեռնոգորիայի անունը, որը հրավիրվել է ՆԱՏՕ եւ կարող է ընդգրկվել կազմակերպության կազմում: Նրա խոսքով, ՆԱՏՕ-ի դռները բաց են բոլոր այն երկրների համար, որոնք կարող են համապատասխանել Դաշինքի պահանջներին:

Դիվանագետը նշել է, որ Դաշինքը դրական դեր է կատարել նոր երկրներին անդամակցության հնարավորություն ընձեռելով՝ տարածաշրջանում ավելի մեծ կայունություն ապահովելով: Եվ այդ կայունությունը դրական գործոն է Ռուսաստանի համար: Այսինքն՝ ՆԱՏՕ-ին անդամակցությունը պահանջում է, որպեսզի երկրները կարգավորեն իրենց միջեւ հակամարտությունները եւ հետեւեն հիմնարար ժողովրդավարական սկզբունքներին: