Վարշավայում հուլիսի 8-ին մեկնարկում է ՆԱՏՕ–ի երկօրյա գագաթնաժողովը, որի շրջանակներում մասնակիցները քննարկելու են զսպման եւ պաշտպանության միջոցների ամրացման մեթոդներով Դաշինքի երկրների անվտանգության ապահովման հարցը։
Ենթադրվում է, որ դաշնակիցները կհամաձայնեն ռոտացիոն հիմունքներով 4 բազմազգ գումարտակ տեղակայել Էստոնիայում, Լատվիայում, Լիտվայում եւ Լեհաստանում։ Ռումինիայում բազմազգ բրիգադը կապահովի ՆԱՏՕ–ի ներկայությունը Հարավարեւելյան Եվրոպայում։ Իրենց սահմաններից դուրս կայունության ամրապնդման շրջանակներում ՆԱՏՕ–ի անդամ երկրների ղեկավարները պետք է երկարաձգեն Իրաքում ուսումնական առաքելությունը եւ ընդլայնեն ՆԱՏՕ–ի դերը Միջերկրական ծովի կենտրոնական հատվածում։
Նրանք նաեւ պետք է հաստատեն ՆԱՏՕ–ի ավիացիոն համալիրների հետախուզական օդանավերի տեղակայման կարգը «Իսլամական պետության» դեմ պայքարող գլոբալ կոալիցիայի աջակցության համար։ ՆԱՏՕ–ն շարունակելու է նաեւ ռազմական եւ ֆինանսական աջակցություն ցուցաբերել Աֆղանստանին եւ քաղաքական ու գործնական համագործակցություն ապահովել Ուկրաինայի, Վրաստանի եւ Մոլդովայի հետ, հայտնում է «Ազատությունը»։




























