Ադոլֆ Հիտլերը մտադիր էր առեւանգել Հռոմի պապ Պիյա 12-րդին: Այս մասին գրում է Daily Mail–ը՝ վկայակոչելով Վատիկանի L'Osservatore Romano թերթը: Ըստ աղբյուրի՝ նացիստների առաջնորդը ուզում էր առեւանգել քահանայապետին ու նրան բանտարկել անառիկ ամրոցում:
Վատիկանի նախկին տնօրենի որդին՝ Անտոնիո Նոգարան հայտնել է, որ 1944-ին նրա հորն այցելել էր հոգեւորական Ջովանի Բատիստա Մոնտինին՝ ապագա Պողոս 6-րդ պապը, որն էլ նրան պատմել էր ամերիկյան ու բրիտանական ռազմական հետախուզության տեղեկությունների մասին, ըստ որոնց նացիստները ծրագրում էին կալանավորել քահանայապետին: Այդ ծրագրով նախատեսվում էր Պապին առեւանգել նրան պաշտպանելու պատրվակով: Նոգարի հրապարակումը, որը հայտնվել էր նրա մահվանից հետո, հաստատում է Պիյա 12-րդին առեւանգելու մտադրության մասին լուրերը: Պիյա 12-րդին հաճախ անվանում էին «Հիտլերի Պապ», քանի որ նա չէր ցանկանում խոսել Հոլոքոսթի մասին: Որոշ քննադատներ գրում էին, որ Պապը համակրում էր նացիստներին, սակայն մի շարք փորձագետները համարում են, որ Պիյա 12-րդը հավասարակշռում էր դիրքորոշումները՝ փորձելով փրկել կաթոլիկներին այն երկրներում, որոնք նացիստներն արդեն նվաճել էին: 1970-ին «ԷսԷս»-ի նախկին հրամանատար, գեներալ Կառլ Վուլֆը հավաստիացնում էր, որ Հիտլերից ստացել է հրաման՝ առեւանգել Հռոմի պապին ու հնարավորինս արագ գրավել Վատիկանը, քանի որ վերջինը դարձել է «լրտեսների կենտրոն»:





























